Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հորդորում է Հայաստանին ներքին իրավիճակը «հարթել ընդդիմության հետ ինտենսիվ երկխոսությունների ճանապարհով»


«Հայաստանն ուզում է ավելի մոտ լինել Եվրամիությանը», - այսօր Պրահայում չեխ գործընկերոջ` Կարել Շվարցենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբադյանն ու ընդգծեց. - «Եվրամիության առաջարկած նոր ծրագիրը Արեւելյան գործընկերության վերաբերյալ նոր դռներ ու հնարավորություններ է բացում մեր առջեւ` եվրոպական ընտանիքի հետ տարբեր ոլորտներում ավելի սերտորեն համագործակցելու համար»:

Գործընկերության այս նոր ծրագիրը, որ Եվրամիությունն առաջարկում է նախկին Խորհրդային միության 6 երկրների` այդ թվում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին, պաշտոնապես կմեկնարկի այս տարվա մայիսին` Պրահայում կայանալիք հավակնորդ երկրների եւ Եվրամիության ղեկավարների համատեղ գագաթնաժողովում: Նախաձեռնությունը անդամակցության հեռանկար չի խոստանում, սակայն առաջարկում է մի շարք էական առավելություններ` զբոսաշրջիկներ համար անցագրային ռեժիմի մեղմացում, առեւտրի ազատականացում ու լուրջ ֆինանսական աջակցություն: Փոխարենը Եվրամիությունը հավակնորդ երկրներից պահանջում է բարեփոխումներ` օրենսդրության ու ժողովրդավարության ուղղությամբ:

«Վեց երկրներից յուրաքանչյուրին պետք է առաջարկվի, այսպես ասած` գործողությունների առանձին ծրագիր, որը կհամապատասխանի տվյալ երկրում առկա իրականությանը եւ կբխի տվյալ երկրի կարիքներից: Ընդ որում, այդ ծրագրերը կլինեն կոնկրետ քայլեր, եւ ոչ թե ընդհանուր գաղափարներ», - հայտարարեց Եվրամիությունում այժմ նախագահող երկրի` Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը: - «Երկկողմ բանակցությունները դեռեւս նոր են սկսվում, եւ ես այժմ դժվարանում են նշել` կոնկրետ ինչպիսին է լինելու Հայաստանին ներկայացվող ծրագիրը»:

Այդուամենայնիվ, Չեխիայի արտգործնախարարը փաստեց, որ եվրոպական ընտանիքը Հայաստանից բարեփոխումներ է սպասում երկու ուղղություններով. - «Առաջինը` բարելավել հարաբերությունները հարեւանների հետ. այս առումով մենք կարող ենք տեսնել շատ դրական զարգացումներ Թուրքիայի հետ հարաբերություններում: Խոստումնալից են նաեւ Ադրբեջանի հետ սկսված բանակցությունները, եւ մենք հույս ունենք, որ շատ շոտով այստեղ իրավիճակը կկարգավորվի»:

Երկրորդ ուղղությունը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` մարդու իրավունքների պաշտպանությանը եւ քաղբանտարկյալներին վերաբերող հարցերին. - «Հույս ունենք, որ այս ոլորտում էլ առաջընթաց կարձանագրվի: Անշուշտ, մենք տեղյակ ենք, որ Հայաստանն արդեն որոշ քայլեր արել է` իրավիճակը բարելավելու համար, սակայն այդ ջանքերը պետք է շարունակվեն»:

Չեխիայի արտգործնախարարի այս հայտարարությունից հետո էդվարդ Նալբանդյանը նախ նկատեց, թե Հայաստանում, իր համոզմամբ, չկան քաղբանտարկյալներ, ապա ընդգծեց, որ պաշտոնական Երեւանը իրականացրել է միջազգային հանրության առաջարկները եւ մտադիր է շարունակել այդ գործընթացը. - «Չեմ կարծում, որ մենք Հայաստանում քաղբանտարկյալներ ունենք: Եվրամիության որեւէ փաստաթղթում նման զգուշացում չկա: ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւում նույնպես նման դրույթ չկա. կան մի քանի առաջարկներ, եւ ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները իրականացրել են նախորդ 2 բանաձեւերում ներառված առաջարկների ավելի քան 90 տոկոսը, եւ պատրաստվում ենք կատարել բոլոր մյուս առաջարկները եւս»:

«2008 թվականի նախագահական ընտրություններից ու մարտյան դեպքերից հետո Եվրամիությունը փորձում էր ինչ-որ կերպ նպաստել Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ հնարավոր երկխոսությանը. արդյոք դուք շարունակում եք այդ ջանքերը». «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Չեխիայի արտգործնախարարը պատասխանեց. - «Եվրամիության մոտեցումը նույնն է բոլոր երկրների նկատմամբ. մեր համոզմամբ, լավագույն ելքը երկխոսությունն է ընդդիմության հետ: Մենք ճնշում չենք գործադրում, սակայն հորդորում ենք Հայաստանին իրավիճակը հարթել ընդդիմության հետ ինտենսիվ երկխոսությունների ճանապարհով»:

Նույն հարցին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե պաշտոնական Երեւանը արել եւ շարունակում է ամեն ինչ անել` քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների հետ անկեղծ երկխոսություն վարելու համար. - «Մենք միշտ բաց ենք բանակցությունների համար, եւ իշխանությունները մի քանի անգամ հանդես են եկել նման կոչով, սակայն երկխոսություն կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ դիմացինդ է ուզում երկխոսել»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG