Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում ձեւավորվել է նոր պատգամավորական խումբ


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հինգ պատգամավորներ ձեւավորել են նոր պատգամավորական խումբ` «Արցախատուն»:

Խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցությունից հրաժարված հինգ պատգամավորների դիմում-տեղեկանքը այսօրվա նիստում հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը. - «Մենք` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի թվով հինգ պատգամավորներ` Գարիկ Գրիգորյան, Ռուդոլֆ Մարտիրոսյան, Արծվիկ Սարգսյան, Գառնիկ Միրզաբեկյան եւ Սերգեյ Սեյրանյան, հայտարարում ենք «Արցախատուն» պատգամավորական խմբի ստեղծման մասին: Պատգամավորական խմբի ղեկավար է ընտրվել Ազգային ժողովի պատգամավոր Գարիկ Գրիգորյանը»:

Աշոտ Ղուլյանը, ով նաեւ «ժողովրդավարություն» կուսակցության նախագահն է, ասաց, որ իրենց կուսակցությունը ցանկացած փոփոխությունից վեր է համարում իր իսկ հռչակած ժողովրդավարության սկզբունքը, ինչը, նրա խոսքով, «ենթադրում է նաեւ իր անդամների ազատ քաղաքական կողմնորոշում»:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուդոլֆ Մարտիրոսյանը, նոր պատգամավորական խումբ ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է պատգամավորական գործունեությամբ. - «Անկախ պատգամավոր լինելը մի շանս է տալիս, որպեսզի համագործակցես ոչ միայն խորհրդարանի ներսում գտնվող ուժերի, այլեւ արտախորորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ»:

«Մենք կուսակցական որեւիցի կողմնորոշում չունենք», - շարունակեց նա: - «Շատ հարցերում մենք կքվեարկենք ոչ թե միասնական որոշմամբ, այլ մեր կարծիքը կարող ենք առանձին, հստակ արտահայտել»:

Մինչեւ այս հինգ պատգամավորների դուրս գալը «Ժողովրդավարություն» կուսակցության խմբակցությունն էր մեծամասնություն կազմում Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում: Այժմ ամենամեծը խորհրդարանում «Հայրենիք» խմբակցությունն է:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG