Երաժշտական քննադատները կանխատեսում են, որ մի քանի օր առաջ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ արձանագրած հաջողությունը կրկնելու մեծ հնարավորություն ունի Coldplay խումբը, որը ներկայացված է միանգամից չորս անվանակարգերում:
Coldplay-ի գլխավոր մրցակիցը Դաֆին է, որը ներկայացնում է բրիտանական շոու բիզնեսում աստղերի առատությամբ երբեւիցե աչքի չընկած տարածաշրջաններից մեկը` Ուելսը:
Հաջողության լուրջ հնարավորություններ ունեն նաեւ բրիտանական ժամանակակից ռոքի առանցքային դեմքերը` դեռ 1985 թվականին ստեղծված Radiohead խմբի անդամները:
Մրցանակաբաշխության նախօրեին Ձայնագրման ինդուստրիայի համաշխարհային դաշնությունը` IFPI-ը հրապարակեց 2008 թվականին ամենամեծ թվով սկավառակներ վաճառած խմբերի եւ մենակատարների անունները: Եվ կրկին առաջին տեղում է Coldplay խումբը, որը անցած տարվա ընթացքում կարողացել է վաճառել իր վերջին` Viva La Vida ալբոմի մոտ 7 միլիոն օրինակ:
BRIT Awards-ի հաղթողների անունները մինչեւ վերջին պահը անհայտ են մնում լայն հանրությանը: Մրցանակակիրներին օնլայն քվեարկությամբ որոշում են թվով հազար բրիտանացի երաժշտական քննադատներն ու առաջատար լրատվամիջոցների մշակութային մեկնաբանները: Քվեարկության արդյունքները հայտնի են դառնում միայն մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա