Մատչելիության հղումներ

Այսօր Ժնեւում սկսվում են ռուս-վրացական բանակցություններ


Այսօր Ժնեւում Եվրամիության եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ հերթական անգամ հանդիպում են Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնյաները: Երկօրյա բանակցություններին մասնակցում են նաեւ Աբխազիայի եւ Հարավայի 0սիայի պատվիրակները, ԵԱՀԿ-ի, Եվրամիության, ՄԱԿ-ի եւ Միացյալ Նահանգների դիվանագետները:

Վրացական կողմն արծարծելու է Հարավային 0սիայի եւ Աբխազիայի սահմանների երկայնքով պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը կանխելու թեման: Այդ մասին նախօրեին հաղորդել է փոխարտգործնախարար Դավիդ Ջալագանիան:

«Հուսով եմ, որ Ռուսաստանն ավելի կառուցողական դիրքորոշմամբ կներկայանա բանակցություններին եւ սադրիչ գործողությունների չի դիմի»,- ասել է Ջալագանիան:

Վրացական պատվիրակությունը ղեկավարում է առաջին փոխարտգործնախարար Գիգա Բոկերիան:

Միջնորդների փոխանցմամբ, ժնեւյան նախորդ հանդիպման ընթացքում կողմերը գրեթե համաձայնեցրել են միջադեպերը կանխելու մեխանիզմների ստեղծման եւ իրավապահների համագործակցության պայմանագիրը, սակայն վերջին պահին ստորագրումը ձախողվել է: Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերն ասել է, թե խնդիրը քաղաքականացնում են Աբխազիան եւ Հարավային 0սիան:

Վրացական աղբյուրների փոխանցմամբ, Եվրամիության նախագահող երկրի` Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյա Նադեժդա Հոլիկովան ասել է, որ Եվրոպական միությունն ունի հստակ դիրքորոշում. - «Մենք աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Վրաց անկախ քաղաքապետ Գիա Խուխաշվիլին մամուլին հայտնել է, թե, իր համոզմամբ, այս փուլն էլ որեւէ արդյունք չի տա. - «Դժբախտաբար, այս բանակցությունները սոսկ ֆորմալ բնույթ են կրում, ի՞նչ աշխատող մեխանիզմի մասին ենք խոսում, եթե կողմերը Ժնեւում չեն կարողանում համաձայնեցնել նույնիսկ բանակցությունների ձեւաչափի հարցը»,- ասել է քաղաքագետը:

Ըստ Թբիլիսիից ստացված հաղորդագրության, վրացական պատվիրակության կազմում են նաեւ հարավօսական եւ աբխազական վրացամետ շրջանակների ներկայացուցիչները` Ցխինվալի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Դմիտրի Սանակոեւն ու Աբխազիայի «օրինական» կառավարության ղեկավար Մալխազ Ակիշբայան:

Ռուսաստանի պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Ժնեում բանակցություններին ներկա կլինեն Աբխազիայի անջատողական վարչակազմի արտգործնախարար Սերգեյ Շամբան եւ Հարավային 0սիայի անջատողական վարչակազմի ավագ բանագնաց Բորիս Չիչոեւը:

«Մենք դրական արդյունք ենք ակնկալում, ժամանակն է, որ Թբիլիսիում եւ աշխարհի մնացած մայրաքաղաքներում ավելի ուշադիր վերլուծեն իրավիճակը եւ հասկանան, որ բոլոր կողմերին կայունություն է անհրաժեշտ, որ հարկ է դրական հարաբերություններ հաստատել Աբխազիայի եւ Հարավային 0սիայի հետ», - ասել է Կարասինը:

Ռուսաստանն անցյալ տարվա օգոստոսի 26-ին պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային 0սիայի անկախությունը: Անցյալ ուրբաթ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւս չորս ամսով երկարաձգել է վրաց-աբխազական սահմանին հրադադարի ռեժիմը հսկող ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ժամկետը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության, հիմնական բանակցությունները տեղի կունենան վաղը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG