Մատչելիության հղումներ

«Ֆինանս». «Ռուսաստանցի օլիգարխները սնանկացել են 66 տոկոսով»


Անցած տարվա տվյալներով` ռուսաստանցի միլիարդատերերի քանակը 110-ից նվազել է մինչեւ 49: Միջազգային ճգնաժամի պատճառով ռուսաստանցի օլիգարխները սնանկացել են 66 տոկոսով` կորցնելով ընդհանուր առմամբ 76 միլիարդ դոլար: Այդ մասին գրում է «Ֆինանս» հեղինակավոր հանդեսը։

Հանդեսը հրապարակել ռուսաստանցի ամենահարուստ մարդկանց ցուցակը։ 200-հոgանոց ցուցակում ընդգրկված է երեք հայազգի գործարար:

Նիկոլայ եւ Սերգեյ Սարգիսով եղբայրները զբաղեցնում են 58-րդ եւ 59-րդ հորիզոնականները. նրանցից յուրաքանչյուրի հարստությունը հանդեսը գնահատել է 750 միլիոն դոլար։ Անցած տարի նրանք, ըստ «Ֆորբս» հանդեսի, ունեին 1,5-ական միլիարդ դոլար, այսինքն` «Ռեսո» ապահովագրական ընկերության սեփականատերերը կորցրել են իրենց հարստության կեսը։

«Ֆինանս»-ի ցուցակում երրորդ հայազգի գործարարը «Տրոյկա Դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանն է, ով զբաղեցնում է 105-րդ հորիզոնականը եւ ում հարստությունը հանդեսը գնահատում է 0,3 միլիարդ դոլար։ Անցած տարի, «Ֆորբս»-ի տվյաներով, Ռուբեն Վարդանյանը ուներ 1,3 միլիարդ դոլար։

Ռուբեն Վարդանյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ լուրջ չի համարում այս ցուցակը։ Հարցին, թե արդյոք ներկայիս ճգնաժամի պատճառով չի՞ հրաժարվի իր հայաստանյան ծրագրերից, ռուսաստանցի մեծահարուստը պատասխանեց, որ բոլոր այն ծրագրերը, որ սկսել է Հայաստանում, շարունակվելու են` չնայած ճգնաժամին։

Անցած տարի ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում էր նաեւ «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր հայազգի Դանիլ Խաչատուրովը: Նա ամենահարուստն էր հայերից եւ 2 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ զբաղեցնում էր 48-րդ հորիզոնականը: Այժմ նրա ազգանունը չկա «Ֆինանս»-ի ցուցակում։

Ներկայումս ամենահարուստ ռուսաստանցին, ըստ «Ֆինանս»-ի, Միխայիլ Պրոխորովն է, ում կարողությունը հանդեսը գնահատում է 14,1 միլիարդ դոլար։ Հանդեսի տվյալներով` անցած տարի ամենահարուստ ռուսաստանցի համարվող Օլեգ Դերիպասկան կորցրել է մոտ 35 միլիարդ դոլար եւ այժմ 5 միլիարդ դոլարով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Երկրորդ հորիզոնականում Ռոման Աբրամովիչն է, ով, չնայած ամուսնալուծության պատճառով մեծ գումար է տվել նախկին տիկնոջը, մնացել է Եվրոպայի ամենահարուստ մարդկանց տասնյակում, եւ ներկայումս նրա հարստությունը «Ֆինանս» հանդեսը գնահատում է 14 միլիարդ դոլար։


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG