Մատչելիության հղումներ

Կոսովոն նշում է անկախության հռչակման տարեդարձը


Կոսովոն այսօր նշում է անկախության հռչակման մեկ տարին: Տարեդարձի նախօրեին վարչապետ Հաշիմ Տաչին այցելել է մայրաքաղաք Պրիշտինայից ոչ հեռու գտնվող Սլլովի գյուղ, որի բնակիչներից մեկը ծնվել է ուղիղ մեկ տարի առաջ` պետականության հռչակման օրը. աղջկան կոչել են Պավարսիա, որը թարգմանաբար նշանակում է «անկախություն»:

«Կոչ եմ անում Կոսովոյի բոլոր բնակիչներին` անկախ ազգային պատկանելիությունից, տոնել այս օրը հպարտությամբ եւ պատվով: Սա Կոսովոյի համար պատմական հաջողությունների տարի էր», - բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետը:

«Կոսովոյի կառավարությունն ու ժողովուրդը հպարտանալու շատ բան ունեն», - իր հերթին, նկատում է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Սթիվեն Ջոնսը եւ թվարկում նախորդ տարվա ձեռքբերումները. - «Ընդունվեց նոր Սահմանադրություն, բազմաթիվ նոր օրենքներ կյանքի կոչվեցին, կառուցվեցին հարյուր կիլոմետրանոց ճանապարհներ ու տասնյակ դպրոցներ: Ես Պրիշտինայում էի մի քանի շաբաթ առաջ. առաջընթացը տեսանելի է յուրաքանչյուր քայլափոխի»:

Առաջընթացին զուգընթաց, տեսանելի են նաեւ դեռեւս լուծում չստացած խնդիրները. վիճակագրության համաձայն, բնակչության 45 տոկոսը աղքատ է, տարածված են կոռուպցիան եւ հանցավորությունը, իսկ երկրի հյուսիսում` շուրջ 120 հազար սերբերով բնակեցված շրջաններում, շարունակվում են պայթյուններն ու ազգամիջյան բախումները:

«Կոսովոյի իշխանությունները շատ հազվադեպ են ոտք դնում հյուսիս, թեեւ հրապարակավ խոսում են Սահմանադրությունը ողջ երկրով մեկ կիրառելու եւ Կոսովոյի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մասին», - մեկնաբանում է «Ազատություն» ռադիոկայանի Պրիշտինայի բյուրոյի ղեկավար Արբանա Վիդիշիքին եւ ընդգծում. - «Գործնականում, հյուսիսում ապրող սերբերի անհանդուրժողականությունը մեղմելու համար շատ քիչ բան կարող են անել նաեւ Կոսովոյում գործող միջազգային առաքելությունները»:

Ներքին խնդիրներից բացի, դանդաղում է նաեւ արտաքին աշխարհում Կոսովոյի համընդհանուր ճանաչման գործընթացը. անկախության հռչակման առաջին օրերին վարչապետ Հաշիմ Տաչին շնորհավորական ուղերձներ էր ակնկալում աշխարհի շուրջ 100 մայրաքաղաքներից, այսօր, սակայն, դրանց թիվը հասնում է ընդամենը 54-ի:

«Կարեւորը թվերը չեն, այլ այն իրականությունը, որ թաքնված է դրանց ետեւում», - այդուամենայնիվ, պնդում է վարչապետը` մատնացույց անելով աշխարհի մի շարք գերտերությունների ղեկավարների, այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձը:

«Ուզում եմ ընդգծել, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցությունը բազմազգ, անկախ եւ ժողովրդավարական Կոսովոյին», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Կոսովոյի իշխանություններին եւ ժողովրդին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG