Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյանը առաջարկելու է երկարաձգել «Մարտի 1»-ի հանձնաժողովի լիազորությունների ժամկետը


Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նստաշրջանին, որը մեկնարկելու է փետրվարի 23-ին, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանձնաժողովի գործունեության ժամկետը նորից երկարաձգելու նախաձեռնությամբ է հանդես գալու: Այդ մասին նա հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում:

Հանձնաժողովի առաքելություններից մեկն էլ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքները ճշտելն է, ինչը, ըստ Նիկոյանի, «ըստ էության, կատարված չէ»:

«Երկրորդը, եւ եւս պակաս կարեւոր չէ, նախագահի կարգադրությամբ ստեղծվել է Փաստահավաք խումբ, որը պետք է իր աշխատանքի զեկույցը ներկայացնի հանձնաժողովին: Այսինքն, հանձնաժողովը պարտավոր է ուսումնասիրել Փաստահավաք խմբի տված նյութերը: Այսինքն, հանձնաժողովը պետք է երկարացնի իր աշխատանքի ժամկետը այնքան ժամանակ, մինչեւ Փաստահավաք խումբը կներկայացնի», - ասաց «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովի գործունեության ժամկետը սպառվում է փետրվարի 25-ին: Թե որքան ժամանակով այն կերկարացվի` առայժմ հայտնի չէ, այդ հարցի պատասխանը, ամենայն հավանականությամբ, խորհրդարանը իր հայեցողությամբ կորոշի: Հայտնի չէ նաեւ, թե Փաստահավաք խումբը երբ պատրաստ կլինի իր զեկույցը հանձնաժողովին ներկայացնելու:

Ի՞նչ երաշխիքներ ունեն ժամանակավոր հանձնաժողովն ու նրա ղեկավարը, որ ժամկետը երկարացնելուց հետո կկարողանան պարզել զոհերի մահվան հանգամանքները, մանավանդ որ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը անցյալ շաբաթ խոստովանեց, որ այս պահի դրությամբ մեծ չէ 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու հավանականությունը:

Ընդունելով հանդերձ, որ ժամանակավոր հանձնաժողովի եւ Փաստահավաք խմբի աշխատանքները, հիմնականում, կապված են Հատուկ քննչական ծառայության աշխատանքին, Նիկոյանը, միաժամանակ, հավելեց. - «Բայց երբ հանձնաժողովը եւ ես անձնապես նախանձախնդիր էի «Չերյոմուխա-7»-ի կիրառման հարցում, դա այն հարցն է, որ, ըստ էության, նախաքննական մարմնից քիչ բան էր կախված, որովհետեւ փորձաքննության արդյունքում պետք է այդ նույնականացման խնդիրը լուծվեր, թե որ կապսուլը (պարկուճը) որ հրացանից է օգտագործվել: Ցավոք սրտի, պատասխանը բացասական է, այսինքն` հնարավոր չէ նույնականացնել, այդ իսկ պատճառով, հանձնաժողովը, իհարկե, նման պատասխանից հետո բավականին մի տեսակ հիասթափվեց, քանի որ հույս ուներ, թե կարող է որեւէ արդյունքի հասնել այդ հարցում»:

Սամվել Նիկոյանը հայտնեց նաեւ, որ իրենք իշխանություններին եւ, մասնավորապես, հանրապետության ոստիկանապետին են ներկայացնելու ժամանակավոր հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ արված առաջարկները` կասեցնել մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ «Չերյոմուխա-7» կիրառած ներքին զորքերի 4 ենթասպաների գործունեությունը, գործածությունից հանել երկրում գոյություն ունեցող «Չերյոմուխա-7» հատուկ միջոցները, հրավիրել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG