«Ինքնությունը մենք չենք կարող բացահայտել, քանի որ սակարկությունների օրենքի պահանջը այն է, որ աճուրդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն չի տարածվում», - ասաց Գռձելյանը: ԴԱՀԿ-ի մամլո քարտուղարի փոխանցմամբ, «Բջնի» գործարանի նոր սեփականատիրոջ անունը պարզ կլինի, «երբ որ գնորդը ինքը կուզի երեւալ»:
Կրկնաճուրդում «Բջնի»-ի մեկնարկային գինը սահմանվել էր 4 միլիարդ 441 միլիոն 358 հազար դրամ (շուրջ 14,5 միլիոն դոլար): Գնորդն առաջարկել է 4 միլիարդ 441 միլիոն 500 հազար դրամ: Գնային այլ առաջարկներ չեն ներկայացվել:
«Մեկ առաջարկ է եղել վերջին ժամվա մեջ», - նշեց Ռուբեն Գռձելյանը:
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության ղեկավարությունը, մինչդեռ, այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ընկերության գույքի գնորդին նախազգուշացնում է` «ձեռնպահ մնալ գումարը եռօրյա ժամկետում մուծելու գործողությունից, քանի որ հակառակ դեպքում վերջինս ընկերության գույքը հետագայում` դատական կարգով վերադարձնելու է ընկերությանը եւ հատուցելու է ընկերության կրած վնասները»:
Հայտարարությունում, որը տրամադրել են «Սիլ» կոնցեռնի մամուլի ծառայությունից, «Բջնի»-ի ղեկավարությունը պնդում է, որ «աճուրդային գործընթացը կազմակերպվել է օրենքի պահանջների խախտմամբ», եւ ներկայումս Հայաստանի վարչական դատարանում են գտնվում ընկերության հետ կապված 8 գործեր:
Մասնավորապես, «Բջնի»-ի գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանի ստորագրած հայտարարության համաձայն, «կատարողական վարույթը պետք է կասեցվեր, քանի որ լոտի գինը ցածր էր պահանջի չափից, հարկադիր կատարողը հաշվի չէր առել վճարվելիք ավելացված արժեքի հարկը, որը կազմում է 20 տոկոս, իսկ ընդհանուր գումարի մեջ` 16,67 տոկոս»:
Բացի այդ, «Բջնի»-ի ղեկավարությունը զգուշացնում է, որ «ձեռք բերողը խնդիր է ունենալու նաեւ ապրանքային նշանների օգտագործման հետ»:
Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» գործարանն առաջին անգամ աճուրդի էր հանվել հունվարի 23-ին: Այն ժամանակ գնորդ չլինելու պատճառով գործարանի գինը 10 տոկոսով նվազեցվել էր եւ կրկին դրվել աճուրդի: Իրենք` Սուքիասյանները, ինչպես նաեւ հայաստանյան ընդդիմության շատ ներկայացուցիչներ «Բջնի» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքական հալածանք են համարում:
Տիգրան Ավետիսյան