Մատչելիության հղումներ

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները գնահատում են նախագահական ընտրություններից անցած մեկ տարին


«Տարին լարված էր եւ հագեցած իրադարձություններով. հետընտրական պրոցեսները երկիրը տարան այնպիսի հունով, որ բավական լուրջ միջադեպեր տեղի ունեցան, եւ երկրում վստահության մթնոլորտի, արդարության դեֆիցիտի հետ կապված կային խնդիրներ», - ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գնահատելով 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից անցած մեկ տարին:

«Ես հեռու եմ այն մտքից, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է եւ ամեն ինչ հաղթահարված է, այդ թվում նաեւ վստահության դեֆիցիտը, բայց կարծում եմ, որ իշխանություններին հնարավորություն է տրված, եւ իշխանությունները կարողանում են իրականացնել այն բարեփոխումները, որ նրանք խոսք են տվել փետրվարի 19-ից առաջ, եւ նախագահի գլխավորությամբ հստակ երեւում է այն լույսը թունելի ծայրին, որը քայլ առ քայլ Հայաստանը տանում է դեպի ավելի բարեկեցիկ կյանք», - հայտարարեց իշխող կուսակցության խոսնակը` հավելելով. - «Պրոբլեմները կան, դեռեւս ամբողջությամբ հաղթահարված չեն «Մարտի 1»-ի հետեւանքները, որովհետեւ ե’ւ դատավարությունն է գնում, ե’ւ կան բազմաթիվ հարցականներ, բայց հուսով եմ, որ հասարակությունը տեսնում է այն քաղաքական կամքը եւ այն անկեղծությունը, որը կա ե’ւ երկրի նախագահի, ե’ւ իշխող կուսակցության եւ կոալիցիայի մոտ»:

Երկրի ներքաղաքական կյանքում անցած մեկ տարվա ձեռքբերումների վերաբերյալ Շարմազանովը ասաց. - «Առաջինը մեր նորագույն պատմության մեջ` մենք ականատես եղանք, որ երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից, այն է` Ազգային ժողովից, հանրապետության նախագահը խոսեց պրոբլեմների մասին, ոչ թե առաջին հերթին ձեռքբերումների, այլ այն արատավոր երեւույթների մասին, որոնք կան մեր երկրում»:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե «այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, դա ամեն ինչ էր, բայց ոչ ընտրություններ»:

«Ես համարում եմ, որ այս մեկ տարում տեղի ունեցավ մեր հասարակության խոշոր, մեծ առաջընթաց, մենք դարձանք, ըստ էության, քաղաքացիական հասարակություն. սա ամենամեծ նվաճումն է», - վստահեցրեց ընդդիմադիր գործիչը: - «Երկրորդ` իշխանությունը ամբողջապես բացահայտեց իր էությունը, ցույց տվեց, որ որեւէ կապ չունի օրենքի հետ, քաղաքականության հետ, եւ ապացուցեց, որ այն գնահատականը, որ տրվել էր, որ սա ավազակապետություն է, ուղղակի դա հաստատում է»:

Շահնազարյանի համոզմամբ` «այս մեկ տարվա ընթացքում դրվեց այն հիմքը, որով Հայաստանը շարժվելու է դեպի ժողովրդավարություն, դեպի այսպես կոչված եվրոպական արժեքներ». - «Դա անշրջելի պրոցես էր, որը անցած մեկ տարում տեղի ունեցավ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG