Հիմնական հարցը ադրբեջանական էներգակիրների մատակարարումն է Հունաստան: Ադրբեջանն արդեն որոշակի քանակի գազ է առաքում Հունաստան` Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարով:
Անցած ամիս Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ մինչեւ այս տարվա վերջը Ադրբեջանը պատրաստ կլինի գազի կանոնավոր մատակարարումներ իրականացնել Հունաստան եւ Բուլղարիա: Խնդիրներից մեկը տարանցման համար Թուրքիայի հետ պայմանագրի ստորագրումն է:
Փորձագետներն ընդգծում են, որ Հունաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել երկիր մատակարարվող բնական գազի աղբյուրները, եւ այդ հարցում Ադրբեջանը դիտարկվում է որպես կարեւոր գործընկեր:
Իր հերթին, Բաքուն Հունաստանը համարում է կարեւոր շուկաներից մեկը: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանը ձգտում է նաեւ ամրապնդել Հունաստանի հետ քաղաքական կապերը` ակնկալելով Հունաստանի աջակցությունը եվրատլանտյան ուղղությամբ Ադրբեջանի ավելի սերտ ինտեգրմանը:
Չի բացառվում, որ Իլհամ Ալիեւի այցելության ժամանակ քննարկվեն նաեւ Nabucco ծրագրի իրականացման հետ կապված հարցեր, ծրագիր, որը նախատեսում է Կասպյան ավազանի, Կենտրոնական Ասիայի էներգակիրների առաքում դեպի Եվրոպա:
Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սելիմ Կուներալը օրերս հայտարարել է, թե Nabucco ծրագրով էներգակիրներ առաքող երկրների շարքում, անկասկած, առաջինը կլինեն Ադրբեջանն ու Թուրքմենստանը:
Թուրք դիվանագետը նշել է նաեւ, որ թեեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության եւ Nabucco ծրագրի միջեւ պաշտոնապես ոչ մի կապ չկա, սակայն Nabucco-ի մասնակից երկրների շարքում Թուրքիան միակն է, որը Եվրամիության անդամ չէ, իսկ տարածքների մեծ մասում, որտեղով անցնելու է Nabucco խողովակաշարը, գործում է Եվրամիության օրենսդրությունը:
Հրաչ Մելքումյան, Պրահա