«Որպես իշխանությունը կրող մարդ, նախագահը երկկողմանի համաներման մասին պիտի առաջարկ աներ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բախշյանը: - «Իշխանությունը, որպես լծակներին տիրապետող կողմ, պիտի առաջին ներման կամ լարվածությունը թուլացման քայլն ինքն անի»:
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից չգոհացած Անահիտ Բախշյանը, փոխարենը շատ բարձր է գնահատում իր գործընկերոջ` խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարում. - «Ընդհանուր առմամբ, ինքը մի շատ կարեւոր միտք ասաց, որ... բոլոր [խորհրդարանական] քաղաքական ուժերս պատասխանատու ենք մարտի 1-ի ողբերգության համար, եւ ցույց տվեց, որ` շատ մեծ պատասխանատվություն ունես, «Բարգավաճ Հայաստան», այսօրվա քաղաքական իրավիճակի կայունացման եւ լարվածությունը թուլացնելու համար»:
Ըստ Անահիտ Բախշյանի, հենց հետընտրական իրադարձությունների հետեւանքով կալանավորվածների առկայությունն է պատճառը, որ ընդդիմությունը չի կարողանում լուրջ դերակատարում ունենալ երկրի քաղաքական կյանքում:
«Պիտի այդ մարդիկ, ովքեր քաղբանտարկյալ են, նրանց ազատեն», - ասաց նա: - «Դրանից հետո կերեւա նրանց [ընդդիմադիրների] գործունեությունը»:
Հովհաննես Շողիկյան