Մատչելիության հղումներ

Բացվեց ART EXPO ցուցահանդեսը


Նկարիչների միության ցուցասրահներում այսօր բացվեց ART EXPO ցուցահանդեսը, որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ առաջին անգամ առանձին տաղավարներում, բայց համատեղ ներկայացված է Հայաստանի ողջ մշակութային դաշտը:

«Երկու նպատակ ունի ցուցահանդեսը», - ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: - «Առաջինը` որ մենք տեսնենք, ինչ ունենք դաշտում... Երկրորդը, որպեսզի մենք իմանանք, որ յուրաքանչյուր տարի հաշվետու ենք հանրության առջեւ մեր մշակութային արտադրանքի համար»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մշակույթի նախարարի ուղեկցությամբ մոտեցավ բոլոր տաղավարներին:

Ձեռագործ աշխատանքները եւ ազգային երաժշտական գործիքները ներկայացնող տաղավարում վարչապետն ասաց, որ կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել ձեռագործ աշխատանքները ազատել շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք նման մի որոշում էլ չի պատրաստվում գրահրատարակչական ոլորտի վերաբերյալ, ինչին տարիներ ի վեր ձգտում գրահրատարակիչները, վարչապետը պատասխանեց. - «Իսկ այդ դեպքում ի՞նչը պիտի հարկվի Հայաստանի Հանրապետությունում... Արհեստները, արվեստները` այո, բայց արտադրությունը...»:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կուզենար, որ ցուցահանդես այցելեին հայաստանցի գործարարները. - «Բոլորի համար էլ հաճելի կլիներ, որ ինչ-որ աջակցություն ստանայինք գործարարներից: Մենք անընդհատ ակնկալիքը պետությունից ենք ուզում: Պետությունը, կարծում եմ, այդքան հնարավորություն չունի: Պետությունը առանց այդ էլ օգնում է մշակույթին»:

Ցուցահանդեսը կգործի երկու օր:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG