Մատչելիության հղումներ

Հռոմում կքննարկվեն միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիները


Արդյունաբերական աշխարհի հզորագույն յոթնյակի` Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի ֆինանսների նախարարները այսօր հանդիպում են Հռոմում` քննարկելու միջազգային ֆինանսական ճգնաժամից համատեղ ուժերով դուրս գալու հնարավորությունները:

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, այս հանդիպման օրակարգի գլխավոր հարցերից մեկը հովանավորչությունն է: «1930-ականներին Միացյալ Նահանգներում արձանագրված ճգնաժամը ցույց տվեց, որ նման պայմաններում հովանավորչության կիրառումը կարող է շատ աղետալի հետեւանքների հանգեցնել», - հանդիպումից առաջ հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը:
Ֆինանսական աշխարհում թեման օրախնդիր դարձավ, երբ տնտեսության խթանմանն ուղղված` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի առաջարկած ծրագրում ընդգրկվեց «Գնիր ամերիկյանը» վերնագրով դրույթ, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Եվրամիությունում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իր հերթին, անցած շաբաթ անդրադառնալով ճգնաժամի դեմ պայքարին ու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորություններին, կոչ արեց ֆրանսիական ավտոարտադրողներին գործունեությունը շարունակել ոչ թե Չեխիայում, այլ Ֆրանսիայի տարածքում: «Եթե «Ռենո»-ն գործարան հիմներ Հնդկաստանում`տեղում արտադրանքը վաճառելու համար, դա արդարացի կլիներ: Սակայն հիմնել գործարան Չեխիայում` արտադրանքը Ֆրանսիայում վաճառելու համար` արդարացի չէ», - ասաց Սարկոզին:

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել էին տեղական ավտոարտադրողներին շուրջ 7 միլիարդ եվրոյի արտոնյալ վարկ տրամադրելու մասին, ինչը եւս, ըստ Եվրամիության պաշտոնյաների, խախտում է հավասարության սկզբունքը եւ հակասում Եվրամիության սկզբունքներին:

«Ճգնաժամի պայմաններում ոմանք կարծում են, թե սեփական երկրում կամ տարածաշրջանում պարփակվելը լավագույն արձագանքն է ստեղծված իրավիճակին: Մինչդեռ այս քաղաքականությունը հղի է բազմաթիվ նմանատիպ պատասխան հարվածներով, որոնք շղթայական ռեակցիայով կարող են աղետալի հետեւանքների հանգեցնել», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ ընդգծել. - «Մենք արդեն անցյալում ունեցել ենք նման դառը փորձ, եւ այժմ պետք է քայլեր ձեռնարկենք` անցյալի սխալներից խուսափելու համար»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG