Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը արգելել է ընդդիմության հանրահավաքի եւ երթի անցկացումը


Երեւանի քաղաքապետարանը ընդդիմությանը արգելել է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում կամ Հյուսիսային պողոտայում: Արգելվել է նաեւ հանրահավաքին հաջորդելիք երթի անցկացումը: Քաղաքապետարանի ինտերնետային կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ընդդիմությանն առաջարկվել է մարտի 1-ին հանրահավաք անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ, չնայած արգելքին, միջոցառումը կանցկացվի Մատենադարանում, քանի որ քաղաքապետարանը, ըստ Զեյնալյանի, ընդդիմությանը ժամանակին չի տեղեկացրել արգելքի մասին:

«Քանի որ 72 ժամվա ընթացքում մերժման մասին որոշում չենք ստացել, ապա համարվում է իրազեկված` Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մեր ցանկությունը», - ասաց Զեյնալյանը:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի օրենքի համաձայն, քաղաքապետարանը միջոցառում կազմակերպելու մասին իրազեկում ստանալուց հետո 72 ժամվա ընթացքում պարտավոր է քննարկել եւ ընդունված որոշման մասին անմիջապես հայտնել կազմակերպիչներին: Ըստ օրենքի, եթե քաղաքապետարանն իր որոշմամբ չի արգելում միջոցառման անցկացումը, կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում:

Արտակ Զեյնալյանը, հանդես գալով որպես «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, փետրվարի 9-ին, ժամը 9:00-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել ընդդիմության նախաձեռնած միջոցառումների մասին իրազեկումը: Այսօր, ժամը 9:00-ին փաստորեն լրացավ քաղաքապետարանի արգելքի մասին միջոցառման կազմակերպիչներին տեղյակ պահելու համար օրենքով սահմանված 72 ժամը:

Զեյնալյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը հանրահավաքից հետո պատրաստվում է նաեւ երթ անցկացնել դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածք` հարգելու անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ սպանված 10 մարդկանց հիշատակը:


Աստղիկ Բեդեւյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Արտակ Զեյնալյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG