Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Ռուսաստանը առանցքային դեր ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»


Ռուսաստանը առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այդ մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, ով այսօր սկսում է քառօրյա պետական այցը Ռուսաստան:

Թուրքիան, ըստ Գյուլի, «մեծ նշանակություն է տալիս Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպմանը, որի ավարտին ընդունվեց հռչակագիր Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին»:

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը այդ հարցում առանցքային դեր ունի, քանի որ նա նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ է», - ընդգծել է Թուրքիայի նախագահը` հավելելով. - «Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում ցանկացած դրական զարգացում անմիջապես դրական ազդեցություն է ունենում տարածաշրջանի բոլոր երկրների վրա, ինչպես եւ իրադարձությունների ցանկացած բացասական շրջադարձ բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային բոլոր խաղացողների վրա»:

«Թուրքիան արդեն բավական վաղուց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ է փնտրում եւ օգտագործում է երկխոսության ցանկացած հնարավորություն», - վստահեցրել է Աբդուլա Գյուլը եւ որպես օրինակ վկայակոչել Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղի կապակցությամբ իր Երեւան կատարած այցելությունը` «շատ լավ եւ օգտակար» գնահատելով այցի շրջանակներում իր հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ես շատ ուրախ եմ, որ Երեւանում սկսված երկխոսությունը շարունակվում է մինչ օրս: Հավատում եմ, որ իմ այցը Երեւան ոչ միայն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մեկնարկը տվեց, այլեւ կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը», - ասել է Թուրքիայի նախագահը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Աբդուլա Գյուլը կարեւորել է նաեւ Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը` կարծիք հայտնելով, որ այդ պլատֆորմը «կդառնա բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության անհրաժեշտ տարածաշրջանային հարթակ»:

«Մոլորակի այս մասում շատ այսպես կոչված «սառեցված» հակամարտություններ կան, սակայն ձգտել դրանք հավերժ փակել սառնարանում` սխալ կլիներ: Բոլորս ենք վկա, որ նման հակամարտությունները հանկարծակի բռնկվելու հատկություն ունեն, ինչպես տեղի ունեցավ վերջերս Հարավային Օսիայում», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG