Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ՀՀՇ-ի վարչության անդամ Կարեն Կարապետյանը, «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին, ասել է. - «Երբեմն տեսակետներ են հնչում, որ հաղթանակի հասնելու համար հանրահավաքներին պետք է հավաքվի առնվազն մեկ միլիոն մարդ: Նախ, 2,5 միլիոնանոց հասարակություն ունենալու պարագայում նման պահանջներ դնելն անիրատեսական է, ապա` մարդկանց քանակով չի որոշվում հանրահավաքի հաղթական արդյունքը: Բացի այդ, մարտի 1-ին նախատեսված հանրահավաքով չի նախատեսվում հենց այդ օրը Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն իրականացնել: Կոնկրետ օրեր, կոնկրետ թվեր շեշտելը խիստ տրիվիալ մոտեցում եմ համարում ու նման հայտարարություններ անողներին կոչ եմ անում ավելի իրատեսական լինել»:

«Գոլոս Արմենիի»-ին խմբագրականում գրում է. - «Բառացիորեն օրերս կլրանա Սերժ Սարգսյանի` Հայաստանի նախագահ ընտրվելու մեկ տարին: Թերեւս այս հոբելյանական առիթով կհնչեն երկրի ղեկավարի պաշտոնում Սարգսյանի գործունեության տարբեր գնահատականներ, քաղաքական եւ հասարակական գործիչները կխոսեն այն մասին, թե ինչ հասցրեց անել այս տարվա ընթացքում նախագահը եւ ինչ չհասցրեց: Սակայն Սարգսյանի գործունեության ամենափայլուն ցուցանիշներից մեկը արձանագրվեց Մյունխենում: Խոսքն ամենեւին այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանը, ինչպես ասում են` տեղը դրեց Մամեդյարովին: Վերջ ի վերջո, Հայաստանի նախագահը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գտնվում են տարբեր քաշային կարգերում, չնայած նրան, որ վերջինս խոսում է իր երկրի անունից: Իրականում Հայաստանի նախագահը առավել քան հստակ նշեց այն պոստուլատները, որոնց հետ պարտավոր են հաշվի նստել ոչ միայն Ադրբեջանը, այլեւ այս աշխարհի հզորները: Անկախության տարիներին Հայաստանը այնքան էլ հաճախ չի հաղթահարել փոքր, թույլ, անպաշտպան եւ տարբեր կողմերից ճնշման ենթակա երկրի սեփական բարդույթը: Իսկ Մյունխենում հաղթահարեց, եւ դա հնարավոր էր անել միայն ուժեղ, պատասխանատու ազգային առաջնորդի առկայության դեպքում»:

lragir.am-ը գրում է. - «Կարելի է ուրախանալ Հայաստանի համար. այսպիսի միահամուռ էլիտա աշխարհում ուրիշ տեղ չես գտնի: Չնայած որ երկրում կա արմատական ընդդիմություն, քաղաքական տարբեր ուժեր, հասարակական կազմակերպություններ, այդ թվում` արեւմտյան ուղղվածության, Հայաստանում նույնիսկ քննարկման ակնարկներ չկան վերջերս դեպի Ռուսաստանը աշխարհքաղաքական թեքման կապակցությամբ: Մինչ Եվրոպան Հայաստանը կորցնելու վախից որոշում էր ընդունում ձայնից չզրկելու մասին, Հայաստանը սուսուփուս շրջվեց դեպի Ռուսաստանը դեմքով, իսկ աշխարհին` մեջքով: Քիչ է, որ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանը հայտարարեց արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի (ԱԱԿՈՒ) ստեղծման մասին, վարչապետն էլ խոսում է ռուբլու գոտի մտնելու Հայաստանի ձգտումների մասին: Ո'չ ԱԱԿՈՒ-ի ստեղծման, ո'չ էլ ռուբլու գոտի մտնելու հայտարարության վերաբերյալ քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները չեն արտահայտվել: Ներկայումս Հայաստանում սպորտային կրքեր են: «Հակաարեւմտամետները» տոնում են հաղթանակը, իսկ հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ինքը շահել.արդյոք բարձրացել է բարեկեցությունը, թե անվտանգության աստիճանն է բարձրացել, թե իր իրավունքներ են պաշտպանված: Եթե ոչ, ապա ի վերջո ինչ է շահել Հայաստանը»:

«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է. - «Այսօր Քրեական օրենսգրքի հոդվածները փոխող հանձնաժողովը խոսում է նաեւ «նախագահին, խորհրդարանին, կառավարությանը, դատական իշխանությանը գործողություններ պարտադրելու» եւ «զանգվածային անկարգություններ հրահրելու» մասին: Հարց է ծագում` ո՞վ է, օրինակ, խորհրդարանին կամ դատական իշխանությանը «գործողություններ պարտադրել»: Ինչ է, մարտի 1-ի երեկոյան պատգամավորները ինքնաբո՞ւխ են նիստի եկել ու արտակարգ դրություն մտցնելուն «ադաբրյամս» տվել, դատարաններն ինքնաբո՞ւխ են ապօրինի որոշումներ կայացնում: Ակնհայտ է, որ նրանց այս գործողությունները «պարտադրվել են», իսկ դա կոնկրետ քրեական հանցագործություն է: Հաջորդ կետը.ո՞վ է «զանգվածային անկարգություններ հրահել»: Մի՞թե ակնհայտ չէ, որ եթե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի ջարդը չլիներ, երեկոյան «զանգվածային անկարգություններ» չէին լինի: Այսինքն, այդ գործողությունները զանգվածային անկարգություններ են հրահրել, եւ քանի որ դա ակնհայտորեն չէր կարող տեղի ունենալ առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի, ուրեմն` այս դեպքում եւս գործ ունենք ոչ միայն կոնկրետ հանցագործության, այլեւ կոնկրետ կասկածյալի հետ»:

«Ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 8-րդ համագումարի, որը, ըստ խոստացվածի, պետք է դեկտեմբեր - հունվար ամիսների ընթացքում, ուշացումը տարաբնույթ ենթադրությունների տեղիք է տվել: Ըստ շրջանառվող լուրերի, համագումարի ուշացումը պայմանավորված է կարակառուն ԵԿՄ-ականների անազատության մեջ գտնվելու հանգամանքով, եւ ԵԿՄ-ի ղեկավարությունը «անթասիբ» քայլ է համարում առանց այդ մարդկանց մասնակցության համագումար հրավիրելը»: Համագումարի անցկացման օրը, ըստ թերթի տեղեկությունների, արդեն որոշված է. - «Այն անցկացվելու է մարտի 5-ին` սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-րդ տարեդարձի օրը: ԵԿՄ-ում հատուկ պատրաստվում են այդ օրվան եւ միջոցառումների մեծ ցանկ նախատեսում. հանդիսություններ տեղի կունենան ԵԿՄ բոլոր մարզային կառույցների ներգրավվածությամբ»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG