Մատչելիության հղումներ

Գագիկ Շամշյանը դիմել է ոստիկանություն


Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին իրավասության դատարանում Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ դատավարության հերթական նիստի ժամանակ դատական կարգադրիչները բռնություն են կիրառել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի նկատմամբ: Վերջինս դիմել է ոստիկանություն:

«Դիմել եմ Կենտրոնի ոստիկանություն», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Շամշյանը: - «Հետաքննչական բաժանմունքում արձանագրություն կազմեցին, բացատրություն վերցրեցին ինձանից եւ վերցրեցին պատառոտված բաճկոնը, որը պատառոտել էր Արթուր Փիլոսյանը` կարգադրիչների պետը: Եվ ամենակարեւորը` ես այնտեղ ասացի, որ դատավորը ինքը ասեց` ինքը ձայնագրում է, թողեք թող ձայնագրի, լուսանկարման աշխատանքներ չի կատարում: Դրանից հետո անգամ Փիլոսյանը հարձակվեց ինձ վրա եւ իմ նկատմամբ բռնություն կիրառելով ուզում էր դուրս հանել դահլիճից»:

Իսկ դատավարությունը երեկ կրկին հետաձգվեց, երբ պաշտպանական կողմը դատավոր Ժորա Վարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, եւ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը Վարդանյանը կհրապարակի փետրվարի 13-ին:


Ռուզաննա Ստեփանյան եւ Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG