Մատչելիության հղումներ

Նախաստորագրվել է 500 մլն դոլարի պետական վարկի համաձայնագիրը


Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է Հայաստանին պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, ըստ որի ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` «ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով»։

Վարկը, ըստ Հայաստանի ֆինանսների նախարարության կայքէջի տեղեկատվության, տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է. - «Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով»։

«Կարնեգի» կենտրոնի մոսկովյան գրասենյակի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն, մինչդեռ, անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե «լուրջ չէ կարծել, թե ներկայիս Ռուսաստանը որեւէ մեկին իսկապես կօգնի»: Եթե խոսքը վարկերի մասին է, ապա, Մալաշենկոյի խոսքով, «ինչ-որ գումար լուրջ զիջումների դիմաց Մոսկվան կարող է տալ»:

Հայաստանին կտրամադրի 500 միլիոն դոլարի կայունացման վարկ տրամադրելու մասին փետրվարի 4-ին հայտարարել էր Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:

Անցյալ տարի 2009 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման առնչությամբ խորհրդարանի ամբիոնից իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց այն բոլոր ռիսկերը, որոնք, իր խոսքով, ստեղծում է համաշխարհային տնտեսական ճգնաժամը` Հայաստանի համար: Ըստ վարչապետի, դրանք են մասնավոր ուղղակի ներդրումների նվազումն ու հետաձգումը, մասնավոր տրասնֆերտների կրճատումը, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցումը, շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգումը եւ ներդրումների կրճատումը, ինչը կարող է հանգեցնել՝ սպառման ծավալների կրճատմանը, վճարային հաշվեկշռի վատթարացմանը եւ այլնին: Տիգրան Սարգսյանը հավելել էր, որ կառավարությունը ջանքերն ուղղելու է սպառման ընդլայնմանը, տեղական արդյունաբերության խթանմանը եւ արտահանման կտրուկ ավելացմանը:

Ազգային Ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը այսօր այսպես որակեց կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. - «Ե’վ մտքի առումով, եւ համալիրության առումով... ես ձեզ հավատացնում եմ` այն գրեթե անխոցելի մի ծրագիր է: Սակայն, ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես կարող ենք մտածել` արդյոք ի զորու կլինե՞նք այդպիսի ծրագիրը կյանքի կոչենք, կենսագործենք ամբողջությամբ, որպեսզի հաղթահարենք բազմաթիվ անհարմարություններ»:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի գնահատմամբ, ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնական մարտահրավերը այս տարի ուղղված է լինելու գյուղատնտեսությանը. - «Առաջին հարվածը կզգան գարնանացանին: Եթե միջոցներ չլինեն, որովհետեւ դրանք վարկային միջոցներ էին մեծ մասը: Եվ ես կոչ կանեմ մեր որոշում կայացնողներին արդեն մտածեն գյուղատնտեսությանը իմպուլստ տալու ուղղությամբ»:

Իսկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ընդհարապես Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթարահելու կառավարության ձեռնարկած միջոցառումների շրջանակներում հետեւյալ առաջարկն ունի. - «Ըստ իս, 2009 թվականի տնտեսական տարվա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ զբաղվածության ապահովան խնդիրը: Եթե հարկային վարչարարության բարելավման [մանր ու միջին գործարարության ոլորտում] խնդիր են դնում, մեկ տարի թող մեր սիրելի իշխանությունները հետաձգեին... Գոնե մի հազար, հինգ հազար հոգի այդտեղ զբաղվածություն կունենային»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG