Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում ներառված էր 2 խնդիր` առաջինը օրենսդրական վրիպակների, թերությունների եւ հակասությունների վերացումը, որոնք շատ հաճախ օրենքը կիրառողները օգտագործում են ոչ ի օգուտ երեխայի իրավունքների եւ երկրորդը` ընդհանուր առաջարկներն են, որոնցով հնարավոր է լուծումներ տալ պրակտիկայում առաջացող խնդիրներին:
Առաջին խնդիրը, որին անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` երեխային հոր կողմից վճարվող ալիմենտների հարցն էր:
«Ալիմենտի գումարը մեկ երեխայի համար ամսական կազմում է ընդամենը 1000-դրամ: Մենք առաջարկում ենք առայժմ այդ գումարը հասցնել 7000-ի, իսկ հետագայում մտածել ավելացման մասին»,-ասաց նա:
Արմեն Հարությունյանն իր զեկույցում նշեց, որ ինչքան էլ զարմանալի է, բայց այսօր դեռ կան ծնողների կողմից չգրանցված ծնունդներ, հարցը լուծելու համար նա առաջարկեց կիրառել նոր մեխանիզմներ` պահել ծնողին հիվանդանոցում այնքան մինչեւ չներկայացվի ծննդյան վկայական կամ նա պետք է վճարի այսօր արդեն իսկ անվճար դարձած ծննդօգնության դիմաց:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, սակայն, դեմ է այս մոտեցմանը. - «Իմ կարծիքով, սա ազատազրկման տեսակ է եւ այս ձեւով հարցին լուծում տալը, մեղմ ասած, նպատակահարմար չէ եւ պետք է մտածել այլ միջոցների մասին: Օրինակ` բարձրացնել երեխայի համար տրվող նպաստի չափը, ինչը կշահագրգռի ծնողներին գրանցել իրենց երեխայի ծնունդը»:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ 2008 թվականի տվյալներով, ընդհանուր հանցագործությունների 10 տոկոս աճի պարագայում մենք ունենք անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվի նվազում:
«Անչափահասների հանցագործությունների թիվը նվազել է 4,8 տոկոսով, քրեական պատասխանատվության ենթարկվածների թիվը` 23 տոկոսով», - փոխանցեց նա:
Լիանա Մնացականյան
Ուղիղ հեռարձակում