Նախագահի մամլո գրասենյակի` այսօր տարածած ելույթի տեքստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է 2008 թվականի դասերին` նշելով, որ «վերջին տարիների զարգացումներից, նախորդ տարվա արյունալի իրադարձություններից ու միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից» պետք է դասեր քաղել:
Հայաստանի նախագահը առաջին հերթին ուշադրություն է հրավիրել 2008-ի օգոստոսյան իրադարձություններին, որոնք «բոլորի համար ակնհայտ դարձրին Կովկասում իրավիճակի լարվածության իրական մակարդակը եւ այստեղ առկա մարտահրավերների ու վտանգների լրջությունը»:
«Մենք շատ ենք խոսել բաժանարար գծերի ավելացման անթույլատրելիության մասին», - ասել է Սերժ Սարգսյանը` հիշեցնելով, որ «սառը պատերազմն» ավարտվել է եւ «այդ մեծ հակամարտության քաղաքական տրամաբանությունն ու գործելաոճը չպետք է կենսունակ լինեն»:
Հայաստանի նախագահը նաեւ խոսել է տարածաշրջանում տարանցիկ այլընտրանքային ուղիների զարգացման կարեւորության մասին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի համատեքստում:
«Կարծում եմ, որ ճգնաժամը եւ դրա դասերը կստիպեն անցնելու տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային զարգացման առավել արդյունավետ մոդելների», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Տրամաբանական է, որ ստեղծված իրողությունների պայմաններում «տնտեսական արդյունավետություն» գործոնը նոր ուժով է մտնելու աշխարհաքա-ղաքական հարթություն, եւ այլեւս գոյություն ունեցող հաղորդակցության ուղիների պայմաններում կաբինետային որոշումներ չեն կարող կայացվել նոր ուղիներ ստեղծելու մասին: Սա նշանակում է, որ անցել են «քաղաքական երկաթգծերի, ճանապարհների եւ խողովակաշարերի» ժամանակները», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նշել է, որ հնարավոր չէ խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե տարածաշրջանում շարունակվի իրար մեկուսացնելու ու տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու քաղաքականությունը, որը, ըստ Սերժ Սարգսյանի, բազմիցս կիրառվել է Հայաստանի նկատմամբ:
«Տարածաշրջանի ապագայի ճանապարհը առկա շահերի զուգակցման ճանապարհն է», - նշել է Սերժ Սարգսյանը` կարծիք հայտնելով, որ «տարածաշրջանում այսօր կան առաջնորդներ, ովքեր պատրաստ են ոչ ստանդարտ լուծումներ առաջ քաշել, կաղապարներից անդին որոշումներ կայացնել ու բավարար քաղաքական կամք ցուցաբերել դրանց իրականացման համար»: