Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր` բարձր գնահատելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության ներկա մակարդակը: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում» (GSP+) Հայաստանի ներգրավումը կխթանի առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ:
Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 350 մլն դոլարի, Հայաստանում գերմանական կապիտալով գործում է շուրջ 100 համատեղ ձեռնարկություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի մոսկովյան որոշումը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիշել է 1980-ական թվականներին իր այցելությունը Հայաստան եւ Սերժ Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այցով մեկնել Գերմանիա: