Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով Ռուսաստանից սպասվող վարկին, գրում է. - «Չեղած տեղը 500 միլիոնն, իհարկե, լավ է. եւս մի երկու ամիս դոլար կծախենք, «դրամի կայունությունը» կպահենք: Միեւնույն է, վաղ թե ուշ դրամը սահուն կամ ոչ այնքան սահուն կերպով կսուզվի: Բայց, իմ կարծիքով, տնտեսական ճգնաժամը չէ, որ ամենասարսափելին է` այդպիսի դժվարությունների չէ, որ դիմացել ենք: Երբ կա ինֆորմացիայի պակաս, սկսում ես վատ-վատ բաներ մտածել: Օրինակ, հայտնի եվրասիական փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը վերջերս ասել է, որ «Նաբուկկո» ծրագիրը տապալելու համար կարելի է նախաձեռնել ռազմական կոնֆլիկտ: Հասկանալի է, չէ՞, որտեղ: Պարզապես հիշեցնեմ, որ Դուգինը ոչ խելագար է, ոչ էլ` արկածախնդիր: Նա, ըստ որոշ պնդումների, Կրեմլի գլխավոր գաղափարախոսն է»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Վերջապես Ռուսաստանը որոշեց 500 միլիոն դոլարի «կայունացման վարկ» տրամադրել Հայաստանին: Ավելի ճիշտ՝ հայտարարեց, որ նման որոշում է ընդունել: Բանն այն է, որ որոշ տեղեկությունների համաձայն, իրականում Հայաստանի իշխանությունները երկար ու համառորեն Ռուսաստանի իշխանություններին խնդրել են, որ եթե նույնիսկ վարկ չտան էլ՝ գոնե հայտարարեն, թե տալու են, որպեսզի իրենք կարողանան «այդ լավատեսական ֆոնի վրա» այլ աղբյուրներից գումար գտնել: Այնպես որ, դեռ հայտնի չէ՝ այդ գումարն ինչ-որ ժամանակ տեղ կհասնի՞, թե ոչ: Մանավանդ որ վարկի տրամադրման պայմանները չեն նշվում (հավաստի տեղեկությունների համաձայն, այդ պայմաններն այնքան ծանր են, որ վարկը վերցնելը պարզապես հիմարություն կլինի): Բայց Ռուսաստանի ինչի՞ն է պետք վարկ տալը: Այսպես թե այնպես՝ կոնկրետ Հայաստանի դեպքում նրանք ի վիճակի են լիովին վերահսկել երկրի «տնտեսություն» կոչվածը, իսկ վնասով աշխատող տնտեսական միավոր նրանց պետք չէ: Ռուսաստանին Հայաստանը պետք է միայն որպես ռազմական հենակետ (ինչպես դա ակնհայտ երեւաց Ղրղըզստանի դեպքում), բայց այս հարցում նրանք այսպես թե այնպես պրոբլեմ չունեն. ինչո՞ւ վճարել մի բանի համար, որը ձրի է առաջարկվում»:

«Իրավունքը de facto»-ին հարցազրույց է տվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիդ Շահնազարյանը: Լրագրողը հարցնում է. - «Ասում եք՝ հասնելու ենք սահմանադրական կարգի վերականգնման՝ բացառապես քաղաքական, իրավական ճանապարհով: Անցած մեկ տարվա իրողությունները, սակայն, գալիս են ապացուցելու, որ Հայաստանում այդ ճանապարհն առայժմ «անանցանելի» է»: Ի պատասխան՝ Շահնազարյանն ասում է. - «Թույլ տվեք չհամաձայնել: Ընդհակառակը, այսօր մենք ունենք հասարակություն, որը ոչ միայն այն հասարակությունը չէ, որը ունեցել ենք տասը տարի շարունակ, այլ հասարակություն, որի համար սահմանադրական կարգի վերականգնումն ու ժողովրդի իշխանության հաստատումը հույժ կարեւոր առօրեական խնդրի է վերածվել»: «Մտավախություն չունե՞ք, որ 2003-ը կարող է կրկնվել՝ դանդաղ, բայց հաստատապես մարող հանրահավաքային շարժման տեսլականով». այս հարցին Շահնազարյանը արձագանքել է. - «Ո՛չ: Որովհետեւ կա 2003-ի հարուստ փորձը, եւ անցած մեկ տարին եկավ ապացուցելու, որ չնայած իշխանության գործողություններին՝ արյուն թափելուն, մինչ այս պահը շարունակվող բռնություններին, որով իշխանությունն իր վիճակն ավելի է ծանրացնում, շարժման որակը բարձրանում ու ամրապնդվում է: Հանրության յուրաքանչյուր անդամ այս պայքարը համարում է ի՛ր գործը, ի՛ր առօրյայի անբաժանելի մասը եւ հպարտանում դրանով»:

«Երկիր»-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանի հետ: Նա անդրադառնում է ընդդիմության եւ իշխանության երկխոսության խնդրին. - «Երկխոսություն արդեն իսկ նշանակում է առանց որեւէ նախապայմանի հանդիպում, եւ պետք է լինի զուտ գաղափարական բանավեճ: Բանավեճն էլ է քաղաքական երկխոսության ձեւ, որտեղ կարող են լինել կոմպրոմիսներ, կկայացվեն որոշումներ, որոնք էլ կնպաստեն ազգային, պետական խնդիրների լուծմանը: Մենք էլ ենք եղել ընդդիմություն, բայց երբեք չենք վտանգել մեր ազգային պետականությունը», - նշում է Կարապետյանը: Լրագրողը հարցնում է. - «Երկխոսության անհրաժեշտությունը կարեւորվել է նաեւ ԵԽԽՎ 1643 բանաձեւում: Ձեր կարծիքով, ընդդիմության դիրքորոշման վրա այն կարո՞ղ է ազդեցություն ունենալ»: «Չեմ կարող ընդդիմության փոխարեն պատասխանել, բայց կարծում եմ, որ ընդդիմությունը դա պետք է հաշվի առնի, այլ ոչ թե եվրոպական կառույցներին որակի «եվրոյոնջաներ»: Սա սխալ մոտեցում է: Բազմաթիվ են դեպքերը, երբ, եթե հարկ է լինում, նույն ընդդիմությունը վկայակոչում է այդ կառույցների կողմից ընդունված այս կամ այն բանաձեւերի դրույթները, իսկ եթե իրենց շահերից չբխող դրույթներ են լինում, - ի դեպ՝ երկխոսության մասին կոչը՝ այդ թվում, - սկսում են տարբեր որակումներ տալ», - պատասխանում է Կարապետյանը:

«Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել է «քաղաքական կամք» գաղափարի էությանը. - «Պարզվում է, այս հարցում թերթի եւ իշխանություն պատկերացումները միանգամայն տարբեր են։ Եթե իշխանությունները համարում են, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսեւորել, ապա դա վերաբերում է բացառապես հեղափոխականների խնդիրների լուծմանը։ Այսինքն՝ քաղաքական կամքի դրսեւորման շնորհիվ պետք է շահեն միայն Տեր-Պետրոսյանն ու նրա կոնգրեսը։ Ընդ որում, քաղաքական կամք դրսեւորելու հարցում իշխանություններին չխանգարեց նույնիսկ այն հանգամանքը, որ այս քրեական գործը արդեն մեկուկես ամիս է, ինչ մտել է դատարան։ Դա նշանակություն չունի, պետք է ամեն գնով փրկել «քաղբանտարկյալներին» նշված հոդվածներով նախատեսված 10-15 տարի ազատազրկվելու վտանգից»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG