Մատչելիության հղումներ

Եվրամիությունում Ռուսաստանի դեսպանը հոռետես է Արեւելյան գործընկերության ծրագրի առնչությամբ


Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը կասկած է հայտնել ԵՄ-ի նախաձեռնած Արեւելյան գործընկերության ծրագրի արդյունավետության առնչությամբ:

Չիժովը երեկ Բրյուսելում լրագրողներին ասել է, թե Ռուսաստանը ուշադրությամբ հետեւում է այդ ծրագրին, որում նախատեսվում է ընդգրկել Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան: Սակայն, նրա խոսքերով, Եվրամիության տարածաշրջանային նախաձեռնությունները սովորաբար «մեկ ընդհանուր խնդիր ունեն` դրանց պատշաճ ֆինանսական օժանդակություն չի հատկացվում»:

Եվրամիությունը նախատեսում է մինչեւ 2013 թվականը կրկնապատկել ծրագրում ընդգրկված երկրների հետ գործընկերությանը հատկացվող միջոցները: Այդուհանդերձ, Չիժովի համոզմամբ, «այն, ինչը չի աջակցվում բյուջեի տողով, սովորաբար շատ հեռուն չի գնում»:

Միաժամանակ, «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, դեսպանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի սերտ դաշնակից Բելառուսի մերձեցմանը Եվրամիությանը:

«Մենք հավատում ենք, որ դա վնաս չի հասցնի Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ եղբայրական հարաբերություններին», - հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկը Եվրամիության ղեկավարությունը ազդարարելու է մայիսի 7-ին Պրահայում կայանալիք գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG