Խնդիրը բարդանում է այն պատճառով, որ թուրքական կողմը եւս նյութական պահանջներ է ներկայացնում` պնդելով, թե 1974-ի ամռանը կղզու հարավային հատվածը լքած թուրքերին եւս պետք է փոխհատուցում տրամադրվի:
Դիմիտրաս Խրիստոֆիասը բանակցությունների շեմին խոստովանել է, որ հարցը զուտ ունեցվածքային շրջանակով չի սահմանափակվում: «Բանակցությունների դյուրին ընթացք ես չեմ ակնկալում, քանի որ սեփականության խնդրին միախառնվել է նաեւ փախստականների վերադարձի հարցը», - ասել է Կիպրոսի նախագահը:
Կիպրոսցի հույներից բռնագրավված սեփականության վերադարձի հավանականությունն ավելի մշուշոտ է դառնում այն առումով, որ հունական ունեցվածքի զգալի մասը այսօր նոր սեփականատերեր ունի: Դրանք հիմնականում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, առավելապես թոշակառուներ, որոնց հրապուրել էին անշարժ գույքի համեմատաբար ցածր գները, որ առկա էին կղզու թուրքական հատվածում:
Ընդհանուր առմամբ, վերլուծաբանները այսօրվա հանդիպման հետ լուրջ հույսեր չեն կապում` նշելով, թե 2008-ը կիպրոսյան խնդրում չդարձավ լուրջ առաջընթացի տարի:
Անցած տարի կողմերը այդպես էլ չկարողացան լուծել տրանսպորտային խնդիրը. կիպրոսյան նավերի եւ ինքնաթիռների համար թուրքական նավահանգիստները եւ օդանավակայանները շարունակում են փակ մնալ:
Սա է պատճառը, որ Եվրամիությունը առայժմ չի շտապում վերսկսել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Բրյուսելում, սակայն, հույս ունեն, որ առաջիկա շաբաթներին կկարողանան գոնե ներկիպրոսյան երկխոսության առումով որոշակի առաջընթաց ապահովել: Սա է, թերեւս, պատճառը, որ Խրիստոֆիաս - Թալաթ հանդիպումից մի քանի օր հետո կղզի կժամանի Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը, ով կհանդիպի կղզու հունական հատվածի ղեկավարների հետ: Նույն օրերին Կիպրոսի թուրքական հատված կժամանի Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա