Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչ. «ԱՄՆ-ի նոր վարչակազմից սպասելիքները մեծ են ողջ աշխարհում»


«ԱՄՆ-ի նոր վարչակազմից սպասելիքները, անշուշտ, մեծ են, եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այսօր ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

«Ակնկալվող փոփոխությունների առնչությամբ կնշեի, որ դեռեւս մի փոքր շուտ է այդ մասին գնահատականներ հնչեցնելը: Նոր նախագահը բոլորովին վերջերս է ստանձնել պաշտոնը, ու թեեւ Օբամայի վարչակազմում արդեն նշանակվել եւ հաստատվել են մեծ թվով պատասխանատու պաշտոնյաներ, սակայն շատ ուրիշներ, օրինակ, եվրոպական գործերով պետքարտուղարի օգնականը, դեռ չեն նշանակվել: Այսինքն, կառավարությունւը դեռեւս ձեւավորման փուլում է», - շարունակեց դեսպանը

Այդուհանդերձ, ըստ դեսպանի, Հայաստան - ԱՄՆ հարաբերությունները, որոնք վերջին 18 տարիներին «շատ դրական են եղել», ամենայն հավանականությամբ, նույն հունով կունենան իրենց շարունակությունը. - «Միացյալ Նահանգները օժանդակում է Հայաստանին շատ հարցերում եւ օգնում դառնալ առավել բարգավաճ, ապահով եւ անկախ երկիր: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերությունների հիմքում ընկած այդ դրական միտումները կշարունակվեն»:

Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը շարունակելու է իր ուշադրության տակ պահել 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած հետընտրական զարգացումները, դեսպանը արձագանքեց. - «Մարդու իրավունքները, Հայաստանի առաջընթացը եւ անցումը ժողովրդավարությանը. այս հարցերը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր են: Բայց դրանք շատ կարեւոր են նաեւ հենց Հայաստանի համար»:

Մարի Յովանովիչն այս համատեքստում հիշեցրեց, որ ժողովրդավարությանը հետամուտ լինելու կեցվածքը շատ հստակ իր երդմնակալության ժամանակ արտահայտեց նախագահ Օբաման:

«Այս հանձնառությունը շարունակելու է մնալ Միացյալ Նահանգների կարեւոր առաջնահերթություններից մեկը», - հայտարարեց դեսպանը:

Դիտարկմանը, որ ԱՄՆ-ի պաշտոնատարները շատ անգամ իրենց մտահոգությունն են արտահայտել Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդկանց ճակատագրի հանդեպ, եւ հարցին, թե Հայաստանի իշխանությունները, իր կարծիքով, բավարար չափով են արձագանքել այդ մտահոգություններին, Յովանովիչը պատասխանեց. - «Նման հարցերից շատերը գործընթաց են ենթադրում: Մենք հույս ունենք, որ այդ գործընթացները կհանգեցնեն որոշակի հաշտեցման, եւ քաղաքական հակասությունները կսկսեն առավել արագ եւ, որ կարեւոր է` արդարաբար կարգավորվել: Դա անհրաժեշտ է առաջին հերթին հենց հայ ժողովրդին»:

Իսկ հարցին, թե արդյոք ընդդիմադիր գործիչների կալանավորված լինելը խոչընդոտ է Հայաստան - ԱՄՆ հարաբերություններում, դեսպանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ համոզմունքների համար մարդկանց բանտարկելը մտահոգություն է Միացյալ Նահանգների համար: Բայցեւ մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը փորձում է որոշակիորեն արձագանքել առկա խնդիրներին: Մենք քաջալերում ենք այս ուղղությամբ արվող քայլերը, մասնավորապես, ես գիտեմ, որ եղել են որոշ ներման փաստեր, մարդիկ ազատ են արձակվել»:

Դեսպանի կարծիքով, լուծման տարբերակներից մեկը, ենթադրաբար, կարող է լինել համաներումը: «Բայց ամեն դեպքում, ինչպիսին էլ լուծումը լինի, այն պետք է լինի Հայաստանի լուծումը», - ընդգծեց դեսպանը` հավելելով, որ Միացյալ Նահանգները, իբրեւ Հայաստանի բարեկամ, կարող է միայն օժանդակել նրան: Ըստ Յովանովիչի, անկախ ամեն ինչից, մարտի մեկի դեպքերն ու հաջորդած իրադարձությունները «շարունակելու են մնալ ԱՄՆ-ին մտահոգող խնդիրների շարքում»:

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ֆինանսավորման մասնակի կասեցման առնչությամբ Մարի Յովանովիչը նշեց, թե շատ օգտակար կլինի, որ Հայաստանը շարունակի առաջ ընթանալ այդ ծրագրին առնչվող պայմանները կատարելու հարցում. - «Ես չեմ կարող խոսել կորպորացիայի խորհրդի անունից, կարող եմ ասել միայն, որ Վաշիգտոնում իսկապես այդ խնդիրը մտահոգություններ է առաջացրել»:

Միացյալ Նահանգների դեսպանատունը դիտարկել է մարտի մեկի գործով որոշ դատավարությունների ընթացքը: Հարցին, թե արդյոք դրանք արդար են ընթանում, Յովանովիչը պատասխանեց. - «Անշուշտ, մտահոգիչ են հաճախ ընդամենը մեկ վկայի, երբեմն մեկ ոստիկանի ցուցմունքով կառուցված մեղադրանքները»:

Մեկնաբանելով ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մեադրանքները, թե Արեւմուտքն ու, մասնավորապես, Միացյալ Նահանգները աչք են փակում Հայաստանի իշխանությունների գործողությունների վրա` փորձելով լուծում ակնկալել Ղարաբաղի եւ հայ-թուրքական հարաբերությունների հարցում` ԱՄՆ-ի դեսպանը ասաց. - «Ես չեմ ընդունում նման քննադատությունը: Մենք կարող ենք հայտնել մեր մտահոգությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ միաժամանակ առաջ շարժվել ոչ միայն ժողովրդավարությանը վերաբերող հարցերի ուղղությամբ, ոչ միայն տնտեսական օգնություն ցուցաբերելու առումով, այլ նաեւ այնպիսի տարածաշրջանային խնդիրներում, ինչպիսիք են Ղարաբաղյան հակամարտությունը եւ Հայաստանի մերձեցումը Թուրքիայի հետ»:

Ի պատասխան հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցին, Մարի Յովանովիչը, մասնավորապես, նշեց, թե Միացյալ Նահանգները ողջունում է հայ-թուրքական երկխոսության ընթացքը եւ պատրաստ է կարելույն չափով օժանդակել այս ուղղությամբ արվելիք հետագա քայլերին: Ավելին` խոսելով Սերժ Սարգսյանի մեկամյա նախագահության շրջանում արձանագրված առավել էական արդյունքների մասին, դեսպանը առանձնացրեց Սարգսյանի նախաձեռնությամբ Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցն ու դրանով սկզբնավորված գործընթացը:

Մարի Յովանովիչը հնարավոր է համարում, որ առաջիկա ամռանը հակամարտող կողմերը կարող են ստորագրել շրջանակային համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ` այս համատեքստում դրականորեն առանձնացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` մոսկովյան եւ դավոսյան հանդիպումները:


Էմիլ Դանիելյան եւ Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG