Մատչելիության հղումներ

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կարող են անդրադառնալ «7-ի գործի» ընթացքի վրա


Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց Հայաստանի դատաիրավական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու՝ կառավարության նախաձեռնությունը: Առաջարկված փոփոխությունները կարող են ազդեցություն թողնել նաեւ Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի, մասնավորապես, «7-ի գործի» ընթացքի վրա:

Առաջարկված օրենսդրական փոփոխություններով, մասնավորապես, առաջարկվում է վերացնել մասնագիտացված քաղաքացիական եւ քրեական դատարանները, որոնք ձեւավորվել էին 2007 թվականի փետրվարին ընդունված «Դատական օրենսգրքով» եւ սկսել էին գործել 2008 թվականի հունվարի 1-ից:

Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում, երբ դատարանը ամբաստանյալի նկատմամբ սանկցիա է կիրառում, այսինքն հեռացնում է դահլիճից, գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ընդդիմադիր գործիչների նկատմամբ դատական նիստերը բազմիցս հետաձգվել են այն պատճառով, որ վերջիններս խուսափում են ոտքի կանգնել, երբ ազդարարվում է այդ գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանի մուտքը, ինչին հետեւում է ընդդիմադիրներին դատարանի դահլիճից հեռացնելու սանկցիայի կիրառումը: Այնուհետեւ, քանի որ գործող օրենսդրությամբ քննությունը չի կարելի շարունակել ամբաստանյալի բացակայությամբ, դատական նիստը հետաձգվում է:

Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքով, առաջարկվող փոփոխությունը համապատասխանում է միջազգային կոնվենցիաներին եւ որեւէ առնչություն չունի «7-ի գործով» դատաքննության հետ:

«Այս նախագիծը պատրաստվել է հինգ ամիս առաջ, երբ բացարձակապես որեւէ մեկի մտքով չէր անցնում, թե օրենսդրության մեջ տեղ գտած այս սողանցքը կարելի է օգտագործել քաղաքական կամ այլ շարժառիթներով: Հետեւաբար, եթե ինչ-որ տեղ սա զուգադիպել է, չի կարելի ասել, որ կա առնչություն», - պարզաբանեց Արդարադատության նախարարը: - «Ուղղակի այս պահին իսկապես սա դարձավ հրատապ»:

Օրինագծերը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվեն վաղը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG