Մատչելիության հղումներ

Հայաստանում արձանագրվել է արտահանման անկում


2008 թվականի նախնական արդյունքներով, վերջին մի քանի տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում արձանագրվել է արտահանման անկում, թեեւ` ընդամենը 7 տոկոսով: Բնականաբար, այդ անկումը պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

«Արտահանման այդ անկումը էական ընդհանուր ազդեցություն չի թողել վճարային հաշվեկշռի վրա, սակայն դինամիկան է մտահոգիչ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը: - «Հիմնականում թանկարժեք մետաղների գծով է, օրինակ, անկումը էական, որ մինուս նշան է ապահովել... որը միշտ լուրջ գործոն չի եղել, որովհետեւ միշտ թանկարժեք քարերը եւ մետաղները վերամշակվում են Հայաստանում, այսինքն` մարժայի չափով է տուժել Հայաստանը»:

Մինչդեռ կիսաթանկարժեք քարերի եւ մետաղների առումով եւ, մասնավորապես, պղնձի մասով դարձյալ համաշխարհային շուկայում տիրող իրավիճակով պայմանավորված արտահանման անկում արձանագրվեց, քանի որ անկում էր ապրել այդ մետաղի գինը:

«Սակայն այս տարվա հունվարին պղնձի գնի աճ նկատվեց եւ գործարքների թվի աճ նկատվեց բորսաներում», - ասաց Խուրշուդյանը` հավելելով. - «Դժվար է ասել, այդ աճը կշարունակվի, թե սա վերջնական կայունացման գործոն է: Բայց մի բան փաստ է, որ առուվաճառքը պղնձի եւ այլ ոչ թանկարժեք մետաղների հունվարին ակտիվացավ, ինչը հույս է ներշնչում, որ 2009-ը այդքան վատ չի լինի, ինչքան սպասում ենք»:

Արտահանման անկումից, բնականաբար, տուժել են բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները: «Բեռնափոխադրումների ծավալների անկումը ակնհայտ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջազգային բեռափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Ըստ պաշտոնյայի, դա պայմանավորված է 2008 թվականին տեղի ունեցած մի քանի իրադարձություններով` նախագահական ընտրությունները եւ մարտյան դեպքերը Հայաստանում, վրաց-օսական հակամարտությունը եւ տարեվերջի ֆինանսատնտեսական ճգնաժամը:

«Այս պահի դրությամբ էլ արդյունքները գոհացնող չեն», - փաստում է ընկերության գործադիր տնօրենը եւ հերթով նշում «Ապավենի» ծառայություններից մշտապես օգտված հանքարդյունաբերությամբ զբաղվող հայաստանյան այն ընկերությունների անունները, որոնք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով այսօր չեն գործում, կամ` գործում են մասամբ. - «Ալավերդու կոմբինատը մարտ ամսին նույնպես կանգնելու է»:

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները շարունակում են մնալ «Ապավեն»-ի գործընկերները», - վստահեցրեց Աղաջանյանը: - «Այլ բան է, որ այդ գործընկերները չեն կարողանում այսօր ապահովել աշխատանքի այն ծավալը, որը նախկինում ունեցել են: Եթե 2008 թվականի հունվարը համեմատեք 2009 թվականի հունվարի հետ, 47 տոկոս անկում ունենք»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG