«Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած հակահետախուզական գործողության արդյունքում վնասազերծել է արմատական կրոնական ծայրահեղականների, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են», - ասվում է նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում:
Պարզվում է, ձերբակալությունները տեղի են ունեցել դեռ հունվարի 14-ին:
Իրավապահները խմբավորման անդամների մոտ հայտնաբերել եւ առգրավել են արտասահմանյան արտադրության արդիական զենք ու զինամթեր, ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններում մահապարտների կողմից կիրառվող «շահիդի գոտիներ»:
Ըստ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության, միջազգային ահաբեկչական կառույցի հետ կապեր ունեցող այդ խումբը ծրագրել է ապօրինի քայլեր, որոնք «պետք է ապակայունացնեին իրավիճակը եւ փոխեին երկրի զարգացման աշխարհիկ ու դեմոկրատական բնույթը»:
Խմբավորման առաջնորդը Ազեր Միսիրխանովն է, նույն ինքը` «Աբդուլան», ով, ըստ նախարարության հաղորդագրության, նախկինում ապօրինի զինված կազմակերպությունների կազմում բախումների գոտիներում մասնակցել է ռազմական գործողությունների: Իրավապահների կարծիքով, հենց այդ խմբավորման օգնությամբ է փախուստի դիմել «Սուլեյման» մականունով հայտնի Սամիր Մեխտիեւը, ով կասկածվում է 2008 թվականի օգոստոսի 17-ին Բաքվի Աբու-Բեկր մզկիթում պայթյուն իրագործելու մեջ:
Նախարարության հաղորդագրությունում ասվում է, որ Միսիրխանովի խմբավորումը Ադրբեջանում անցյալ տարվա հոկտեմբերին` նախագահական ընտրություների նախօրեին, ծրագրել է մի շարք ահաբեկչական գործողություններ, այդ թվում` Բաքու-Նովորոսիյսկ գազատարի պայթեցումը:
Այդ բոլոր գործողությունները ֆինանսապես ապահովելու համար խմբավորումը Սումգայիթում ավազակային հարձակում էր գործել տարադրամի փոխանակման կետերից մեկի վրա, սակայն հանցագործոթյունը ձախողվել էր:
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գլխավոր քննչական վարչությունը հետաքննություն է իրականացնում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` ապօրինի զինված խումբ ստեղծելու, ահաբեկչական գործողություններ ծրագրելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկներ եւ թմրամիջոցներ ձեռք բերելու եւ պահելու հատկանիշներով:
Նախարարությունը հայտնել է, որ շարունակում է իրականացնել գործի ամբողջական բացահայտմանն ուղղված միջոցառումներ:
Արմեն Քոլոյան, Պրահա