Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով Եվրամիության նոր` Արեւելյան քաղաքականության նպատակները, Ռուսաստանի ազդեցությունը հակակշռելու մասին ակնարկ էր արել Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար էնեկո Լանդաբուրուն:
Արեւելյան հարեւանության ծրագիրն անմիջականորեն առնչվում է նախկին ԽՍՀՄ-ի վեց երկրների` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Ուկրաինային եւ Մոլդովային: Ծրագրով, մասնավորապես, նախատեսվում է տնտեսական եւ քաղաքական առավել սերտ կապեր հաստատել հիշյալ երկրների հետ: Եվրահանձնաժողովը նաեւ քայլեր է ձեռնարկում Եվրամիության անդամներից 2009-2013 թվականներին արեւելյան գործընկերներին լրացուցիչ 350 միլիոն եվրո տրամադրելու թույլտվություն ստանալու ուղղությամբ:
Լեհաստանի դեսպանը, ով Հայաստանում ներկայացնում է նաեւ Եվրամիությունում ներկայումս նախագահող Չեխիան, հավելեց, թե Եվրամիության Արեւելյան հարեւանության քաղաքականությունը նաեւ Ռուսաստանի հետ համագործակցության նպատակ ունի` առանձնացնելով, մասնավորապես, Կալինինգրադի մարզին առնչվող ծրագրերը:
էնեկո Լանդաբուրուն, առաջին անգամը լինելով, նաեւ չէր բացառել, որ Եվրամիության հարեւան համարվող այդ վեց երկրները հետագայում կարող են դառնալ կազմակերպության լիիրավ անդամներ:
Հարցին, թե կարող են այդ երկրները նման հավակնություններ ունենալ, դեսպան Թոմաս Քնոթեն արձագանքեց. - «Իհարկե, կարող են, եթե նման ցանկություն ունեն»:
Նա հավելեց, որ Եվրամիության անդամ դառնալու համար շատ մեծ ջանքեր են անհրաժեշտ ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության կողմից` ընդգծելով, թե հարկ է, որ հասարակությունը շահագրգռություն ունենա այդ հարցում:
Տիգրան Ավետիսյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)