«Այդ իսկ պատճառով, մենք մեծ նշանակություն ենք տալիս այն փաստին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները անցած տարի Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ պարտավորվեցին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան` հավելելով. - «Նոր դինամիկան պետք է պահպանել որոշակի քայլերով»:
«Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը եւ պատրաստ է օգնություն ցուցաբերել ժողովուրդների միջեւ վստահության ամրապնդման եւ շփումների կազմակերպման ուղղությամբ միջոցառումների անցկացմանը», - նշել է Սոլանան եւ վստահություն հայտնել, որ «բանակցությունների ճանապարհով ձեռք բերված որոշումը կնպաստի տարածաշրջանում կայունության, անվտանգության եւ առաջընթացի հաստատմանը»:
«Ճգնաժամը Վրաստանում ցնցում էր ամբողջ Հարավային Կովկասի համար», - ընդգծել է Եվրամիության հանձնակատարը: - «Այն ցույց տվեց, որ չլուծված հակամարտությունները վտանգավոր են նույնիսկ տարիներ անց, եւ որ հակամարտությունների կարգավորումը ռազմական ճանապարհով նպատակահարմար չէ: Այն ցույց տվեց նաեւ, թե որքան փոխկախված եւ զգայուն են տարածաշրջանի երկրները, եւ ի հայտ բերեց տարածաշրջանում դինամիկայի լիակատար փոփոխության անհրաժեշտությունը»:
«Օգոստոսյան իրադարձություններին Եվրամիության անհապաղ արձագանքից եւ Վրաստանին մեր ուժեղ աջակցությունից հետո կասկած չի կարող լինել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Հարավային Կովկասին, ինչը ապացուցում է նաեւ մեր առաջարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը», - հայտարարել է Խավիեր Սոլանան:
«Մենք ցանկանում ենք սերտորեն համագործակցել տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ: Տարածաշրջանի բոլոր երկրների հետ դրական եւ կառուցողական երկխոսության անցկացումը մենք համարում ենք հիմնական ճանապարհը դեպի կայունություն, անվտանգություն եւ առաջընթաց: Կցանկանայի ընդգծել Թուրքիայի դերը եւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման նպատակով ձեռնարկված վերջին քայլերի կարեւորությունը», - ասել է Եվրամիության հանձնակատարը: