Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագրականը արձանագրում է. - «Բոլոր ծայրահեղական երեւույթները` իրենց արմատներով, առաջանում են «խեղդելուց»: Օրենքից չբխող ամեն մի սահմանափակում, մարդու կամքի վրա ամեն մի բռնություն նրա հոգու մեջ խորը հետք է թողնում: Ամեն անգամ, ամեն մի դժգոհություն այդ «խորքերը» մտցնելով, այն աստիճանաբար վերածվում է սաստիկ ատելության: Այնուհետեւ գալիս է մի պահ, երբ այդ ատելությունը դուրս է ժայթքում այնպես, որ «կարմիր բերետավորների» եւ օլիգարխների թիկնապահների դիվիզիաներ կամ «ամալյանների» բանակ չեն կարողանա այն կանգնեցնել»:

«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը խոսել է ԵԽԽՎ-ի բանաձեւի եւ ժողովրդավարության մասին. - «Մեր պատվիրակությանը չպետք է զրկեին ձայնի իրավունքից. ես դա գիտեի։ Չկար որեւէ հիմնավոր պատճառ նման վերաբերմունք դրսեւորելու Հայաստանի նկատմամբ, եւ ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տալով 1643 բանաձեւին, վեհաժողովը հնարավորություն տվեց, որ Հայաստանը շարունակի ժողովրդավարական բարեփոխումների ուղեգիծը։ Այլ բան է, որ ժողովրդավարություն ասածը դոգմա չէ։ Տարբեր երկրներում ժողովրդավարությունը տարբեր կերպ են հասկանում։ Կա աթենական ժողովրդավարություն, կա եվրոպական ժողովրդավարություն, ի վերջո, կա «մախնոյական» ժողովրդավարություն, որը տանում է դեպի անարխիա։ Կարելի է ասել՝ անարխիան ժողովրդավարության «կատարելագործված» տեսակն է»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը անցյալ տարեվերջին խիստ ուշագրավ զրույց է ունեցել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Սույն զրույցի ժամանակ Սարգսյանը Հովսեփյանին առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը` Գորիկ Հակոբյանի փոխարեն: Այն, որ Գորիկ Հակոբյանին ուզում են փոխարինել Աղվան Հովսեփյանով, դեռ անցյալ տարվանից էր հայտնի: Հիշեցնենք, որ այսպես թե այնպես` Գորիկ Հակոբյանը այս տարի թոշակի է գնալու: Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանին, ապա նա մտադիր չէ ընդունել Սերժ Սարգսյանի այդ առաջարկը, թեեւ այս մասին նրան ուղիղ չի ասել: Հովսեփյանն, իհարկե, չի ցանկանում հրաժարվել մարտի 1-ից հետո ստեղծված հանգամանքներում Հայաստանում դե ֆակտո երկրորդ դեմքը լինելու կարգավիճակից, ինչը բացառապես պայմանավորված է գլխավոր դատախազի պաշտոնով»:

Դավոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Պերեսի հետ տեղի ունեցած միջադեպը հիշատակելով` «Ազգ»-ի մեկնաբանը նշում է. - «Ըստ երեւույթին, միջազգային մեծ աղմուկ հանած այս միջադեպը մթագնել է Սարգսյան - Էրդողան հանդիպումը, որը, թուրքական հանրային հեռուստատեսության արտահայտությամբ, մնաց միջադեպի ստվերում, իսկ թերթերը գրեթե չարձագանքեցին դրան: Ավելին, վարչապետ Էրդողանը Սերժ Սարգսյանին հանդիպել է վերոհիշյալ նիստի դահլիճը զայրացած լքելուց հետո, երբ որոշել էր վերադառնալ Անկարա: Թերեւս դա է պատճառը, որ Հայաստանի նախագահի հետ Թուրքիայի վարչապետի հանդիպումը, ըստ թուրքական աղբյուրների, տեւել է շուրջ 30 րոպե: Կողմերը թարգմանչի միջոցով են շփվել, ինչը փաստորեն կիսով չափ կրճատում է հանդիպման տեւողությունը»:

«168 ժամ»-ի ուշադրության կենտրոնում ֆինանսատնտեսական ճգնաժամն է. - «Երեկ Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով այս տարի Ռուսաստանի պետական բյուջեի եկամուտները կկրճատվեն 40 տոկոսով: Խոսքը մի երկրի մասին է, որից Հայաստանի իշխանությունները ակնկալում են 200 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար ֆինանսական օգնություն: Եվ ակնհայտ է, որ նման պայմաններում գտնվող Ռուսաստանը մեզ փող կտա բացառապես քաղաքական նկատառումներով: Սակայն Ռուսաստանի ֆինանսների նախարարի ասածը հետաքրքիր է նաեւ, երբ այն համեմատում ենք մեր կառավարության որդեգրած քաղաքականության հետ: Ռուսաստանի իշխանությունները գոնե ազնիվ են սեփական քաղաքացիների հանդեպ եւ դատարկ լավատեսություն չեն ներշնչում, այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքացիները, մեղմ ասած, արդեն հոգնել են Տիգրան Սարգսյանի «միայն բարի լուրեր» հեռուստաակցիայից»:

«Կապիտալ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը, անդրադառնալով «Բջնի»-ի գործին, ասում է. - «Այդ գործը, ինչպես նաեւ այլ հազարավոր կատարողական վարույթներ, ծառայությունում դիտվում են բացառապես իրավական տեսանկյունից: Ծառայության համար բացարձակ կարեւոր չէ վարույթի մասնակիցների այս կամ այն քաղաքական, հասարակական, սոցիալական պատկանելությունը: Այլ վարույթների շարքում «Բջնի»-ի գործն առանձնանում է միայն իր ծավալով: Իսկ հասարակական հնչեղություն այդ կատարողական վարույթը ստացավ միայն նրանում ներգրավված մի կողմի` գործընթացին քաղաքական աստառ տալու փորձերով»:

«7-ի գործով» ընթացող դատավարության համատեքստում` «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Նկատենք` դատական համակարգը Հայաստանի ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է, եւ դրանում Հայաստանի քաղաքացիները որեւէ մեղք չունեն: Ստեղծված վիճակի գլխավոր պատասխանատուները հենց դատավորներն են, ովքեր առաջնորդվում են ոչ թե օրենքով, մասնագիտական բարեխղճությամբ կամ քաղաքացիական կեցվածքով, այլ իրականացնում են «զանգային» կամ «քսակային» արդարադատություն: Ավելի պարզ` եթե վարույթում գտնվող գործն ունի հասարակական հնչեղություն, դատավճիռը թելադրվում է նախագահական նստավայրից: Մյուս դեպքերում, դատական նիստը շահում է ավելի շատ մուծվողը` անկախ մեղավորության կամ անմեղության աստիճանից»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG