«Սերժ Սարգսյանը չէր համաձայնի հանդիպել Իլհամ Ալիեւի հետ Դավոսում, եթե Հայաստանը ձայնի իրավունքից զրկված լիներ: Չէր կարող Սերժ Սարգսյանը հանդիպել Իլհամ Ալիեւի հետ պարիտետը խախտված», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր փաստարկեց Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, եթե հայաստանյան պատվիրակությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում զրկվեր քվեարկության իրավունքից, Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում կհայտնվեր, քանի որ ձայնից չզրկվելու համար «տրված գինը» շատ ավելի կործանարար հետեւանքներ կարող է ունենալ: Իսկ այդ գինը, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի` Ղարաբաղի հարցում զիջումներն են Հայաստանի կողմից:
«Այն, որ մենք հիմա գին ենք տալիս, որ` մեզ մի զրկեք, մենք պատրաստ ենք Ղարաբաղի հարցում այս-այս զիջումները նորից անելու... Ես դրա համար էի գտնում, որ, եթե զրկեն, իշխանությունը կսթափվի: Իշխանությունը կփորձի հասկանալ, որ ինքը հերիք է այս երկրի հաշվին զիջումների գնա, իշխանությունը կփորձեր գնալ իրական բարեփոխումների»:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պնդումներին, թե պատրաստ են ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները եւ դրանով լուծել քաղբանտարկյալների խնդիրը, Հովհաննիսյանը ասաց, թե իր ընկերների` արդեն ավելի քան 11 ամիս անազատության մեջ գտնվելու համար այդ հոդվածները չեն մեղավոր: Նրա խոսքով, ընդդիմադիր գործիչներին ազատազրկելու համար «իշխանությունները կարող են գտնել նաեւ այլ հոդվածներ», ուստի խնդիրն այստեղ քաղաքական եւ ոչ թե իրավական հարթության մեջ է: Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, այդ հոդվածները փոփոխելով, չեն տրվի մի շարք հարցերի պատասխաններ, ասենք` ովքե՞ր սպանեցին 10 անմեղ մարդկանց, ո՞վ տվեց զենք կիրառելու հրամանը եւ այլն:
Ռուզաննա Ստեփանյան