Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Մուհամմեդ Էլ Բարադեյի եւ Հարուհիկո Կուրոդայի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին, այսօր հանդիպումներ է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Մուհամմեդ Էլ Բարադեյի եւ Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդայի հետ:

Մուհամմեդ Էլ Բարադեյի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը վերաբերող հարցեր: Մուհամմեդ Էլ Բարադեյը պատրաստակամություն է հայտնել` տրամադրելու փորձագիտական օժանդակություն ծրագրի իրականացման տարբեր փուլերում: Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գործադիր տնօրենը նաեւ բարձր է գնահատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը:

Հարուհիկո Կուրոդայի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրերի համար` դրանք գնահատելով արդյունավետ: Նա գոհունակություն է հայտնել կառավարման բնագավառում եւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Հայաստանին Ասիական բանկի կողմից ցուցաբերվող աջակցության համար եւ հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն իր շարունակությունը կունենա նաեւ ապագայում:

Հարուհիկո Կուրոդան նշել է, որ Ասիական բանկը շահագրգռված է զարգացնելու երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ Հայաստանի հետ:

Այսօր Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաեւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի, Շվեյցարիայի նախագահ Հանս Ռուդոլֆ Մերցի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ուշ երեկոյան նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG