Մատչելիության հղումներ

Կալինինգրադում հակահրթիռային կայանքների տեղակայումից Ռուսաստանը առայժմ զերծ կմնա


Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հակահրթիռային կայանքների տեղակայումից Ռուսաստանն առայժմ զերծ կմնա` պնդում են մոսկովյան լրատվամիջոցները:

Վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, մոսկովյան պարբերականները գրում են, թե «Իսկանդերների» տեղակայմանն ուղղված աշխատանքները դադարեցվել են` հաշվի առնելով այն սառը վերաբերմունքը, որ ունի ամերիկյան նոր վարչակազմը Lեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման գաղափարի հանդեպ:

Հակահրթիռային կայանքների տեղակայման մտադրության մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջին անգամ հայտարարել էր անցած տարվա նոյեմբերին:

Այս պլաններից հրաժարվելու մասին Մոսկվայից ստացված տեղեկություններն առաջինը մեկնաբանեցին Եվրամիության նախագահող պետությունում` Չեխիայում: Այս երկրի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը երեկ հայտարարեց. - «Ես միանշանակորեն ողջունում եմ ռուսական կողմի դիրքորոշման մեջ տեղի ունեցած այս փոփոխությունը: Հույս ունեմ, որ Ռուսաստանում հասկացան, որ նման քայլը նախեւառաջ իրենց է վնասելու: Ուրախ եմ, որ Վլադիմիր Պուտինը ի վերջո հանգել է նման հետեւության»:

Չնայած դրան, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում նշում են, որ «Իսկանդերների» տեղակայմանն ուղղված քայլերը կարող են վերսկսվել ցանկացած պահի: «Մենք դեռ որեւէ պրակտիկ քայլի չենք դիմել, հարցը զուտ նախապատրաստական փուլում էր», - ասել է ռուսաստանցի զինվորականներից մեկը «Նովոստի» լրատվական գործակալության թղթակցին:

Ռուսաստանցի վերլուծաբանները չեն բացառում նաեւ, որ առաջիկա շաբաթներին Կրեմլի ներկայացուցիչներն այս խնդիրը կարող են քննարկել ամերիկյան նոր վարչակազմի անդամների հետ: Դմիտրի Մեդվեդեւը նման բանակցությունների հավանականությունը չէր բացառել դեռ մինչեւ Բարաք Օբամայի` Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելը:

«Կալինինգրադում որեւէ բան տեղակայելու ցանկություն իրականում մենք չունենք: Դա պատասխան քայլ է, սակայն ամեն ինչ կախված է մեր ամերիկյան գործընկերներից: Կարծում եմ, մենք կարող ենք համաձայնության գալ. եթե Բուշի վարչակազմի մոտեցումը բացարձակապես ճկուն չէր, ապա Օբամայի թիմն այս խնդրին կարծես թե ավելի զգուշորեն ու խնամքով է մոտենում», - անցած տարեվերջին հայտարարել էր Ռուսաստանի նախագահը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG