Մատչելիության հղումներ

Ցյուրիխում կայացավ Սարգսյան - Ալիեւ հանդիպումը


Այսօր Ցյուրիխում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Հայաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետեւ երկու երկրների նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:

Հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի նախորդ հանդիպումը կայացել էր 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Մոսկովյան հանդիպման ժամանակ երեք երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր ստորագրեցին, որով պատրաստակամություն էին հայտնում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններից հետո մեկնել է Դավոս, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG