Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցության ներկայացուցիչը ԵԽԽՎ-ի բանաձեւը պայմանավորում է իշխանությունների իրականացրած բարեփոխումներով


Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, այսօր մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` երեկ ընդունած թիվ 1643 բանաձեւը, որով հայաստանյան պատվիրակությունը այդ կառույցում չզրկվեց քվեարկության իրավունքից, ասաց, որ Վեհաժողովի որոշումը պայմանավորում է «իշխանությունների եւ, մասնավորապես, նախագահի գլխավորությամբ իրականացված վերջին շրջանում ե’ւ քաղաքական կամքի դրսեւորմամբ, ե’ւ բարեփոխումների գծի առկայությամբ»:

«Կոնկրետ Հայաստանի իշխանությունները առաջարկել են 225 եւ 300 հոդվածներում իրականացնել փոփոխություններ կամ լրամշակել: Այդ հոդվածների փոփոխության մասին որեւէ եվրոպական զեկույցում կամ բանաձեւում նշված չէ: Իսկ սա եւս մեկ անգամ փաստում է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք», - հավելեց ՀՀԿ-ի խոսնակը:

Հնչեցնելով ՀՀԿ-ի կարծիքը` Շարմազանովը ասաց, որ ՀՀԿ-ն երեկ ընդունված բանաձեւում կարեւորում է նախ այն, որ հայաստանյան պատվիրակությունը պահպանեց քվեարկության իրավունքը, ապա` որ բանաձեւից հանվել է «քաղբանտարկյալներ» տերմինը:

«Քաղաքական բանտարկյալների» առնչությամբ Շարմազանովը համոզմունք հայտնեց, թե «դատարանը պետք է որոշի», թե մեղավո՞ր են, թե՞ ոչ այդ մարդիկ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք, որ Հայաստանում որեւէ դատավոր կհամարձակվի մարտի 1-ի առնչությամբ կալանավորված քաղաքական գործիչներից որեւէ մեկին քաղաքական բանտարկյալ որակել ու ազատ արձակել, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Ես հավատում, որ երբ նախագահը հայտարարում է, որ Հայաստանը չի գնալու քաղաքական ռեպրեսիաների ճանապարհով, այնքան քաղաքական կամք ունի, որ Հայաստանում արդարադատությունը չի քաղաքականացվի եւ արդարադատության համակարգը կանի այն, ինչ որ տրված է նրան օրենքով»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG