Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ում ելույթը նախատեսված է Դավոսի համաժողովի բացման ժամանակ, Շվեյցարիա մեկնելուց առաջ ծավալուն հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը: Խոսելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի` Ռուսաստանի վրա թողած ազդեցության մասին, Պուտինը բացառել է 90-ականների վերջին տեղի ունեցածի կրկնությունը: «Նոր դեֆոլտ չի լինի», - վստահեցրել է նա:
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային տնտեսության մի մասը, եւ դա այնքան էլ վատ չէ: Այսօրվա իրադարձությունները նաեւ այն գինն են, որը մենք վճարում ենք համաշխարհային տնտեսությանը մաս կազմելու մեր ձգտման դիմաց: Սակայն այն հավասարակշիռ ու խոհեմ քաղաքականությունը, որը մենք որդեգրել էին անցած տարիներին, մեզ միանշանակորեն թույլ է տալիս պնդել` ռուսական տնտեսությունը որակապես տարբերվում է 1998 թվականի տնտեսությունից», - ասել է Պուտինը:
Դավոսյան համաժողովի հիմնադիրն ու նախագահը` տնտեսագետ Կլաուս Շվաբը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է, որ այս տարվա հիմնական քննարկումները նվիրված են լինելու տնտեսական ճգնաժամին:
«Աշխարհը լուրջ փոփոխություններր ենթարկված կլինի, երբ ի վերջո դուրս գա ներկայիս ճգնաժամային իրավիճակից: Այս ամենի ֆոնին մենք երկու խնդիր ունենք. առաջինը` պետք է մտածենք ճգնաժամի հաղթահարման ուղիների մասին, երկրորդը` պետք է փորձենք հասկանալ, թե ինչպիսին է լինելու աշխարհը ճգնաժամից հետո: Բանն այն է, որ զարգացումները երկարաժամկետ հեռանկարում դիտարկելով է միայն հնարավոր վերականգնել վստահությունը թե’ տնտեսական համակարգի եւ թե’ առհասարակ ապագայի հանդեպ», - ընդգծել է Կլաուս Շվաբը:
Դավոսյան համաժողովի շրջանակներում նախատեսված են Սերժ Սարգսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ, իսկ Իլհամ Ալիեւը զեկույցով է հանդես գալու էներգետիկ խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա