Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա թերթերը շարունակում են արձագանքել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի` նախօրեին ընդունած բանաձեւին: «Հաղթողները եւ պարտվողները» վերնագրված հրապարակման մեջ «Հայոց Աշխարհ»-ը պատկերավորում է. - «Այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ի նստաշրջանը որոշեց չզրկել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից, բոլորը նետվեցին եռանդագին քննարկելու, թե ով հաղթեց պայքարի այս փուլում. իշխանությո՞ւնը, որին հաջողվեց խուսափել պատժամիջոցներից, թե՞ արմատական ընդդիմությունը, որն այնուամենայնիվ Հայաստանի ոչ այնքան բարենպաստ իմիջ ձեւավորեց Արեւմուտքում։ Դե ինչ, «ո՞վ հաղթեց» հարցը հետաքրքիր է, բարդ եւ ներքաղաքական կյանքում փոքրիշատե նշանակալից յուրաքանչյուր իրադարձությունից հետո պարբերաբար ի հայտ եկող։ Նույնիսկ մեծ ճակատամարտերը գնահատելիս տարբեր կողմերի պատմաբանները հաճախ համակարծիք չեն, թե ով է հաղթել տվյալ մարտադաշտում։ Չի գործում նույնիսկ «Ով նահանջեց, նա էլ պարտվել է» կարծես թե անխախտ չափորոշիչը, այնպես որ, օրինակ, Ավարայրը հաղթանակների թվին են դասում ե՛ւ հայերը, ե՛ւ պարսիկները»։ Թերթը շարունակում է. - «Եթե այնուամենայնիվ ցանկանանք օբյեկտիվ գնահատականներ տալ, ապա հավանաբար անիմաստ չի լինի համեմատել, թե ով ինչ կորցրեց եւ ով ինչ շահեց՝ սկսած մարտի 1-2-ի իրադարձություններից։ Եթե խոսենք իշխանության մասին, ապա նա՝ որպես պաշտպանվող կողմ, առանձնապես ոչինչ չշահեց, բայցեւ ոչինչ չկորցրեց։ Նրա ուժային կառույցները դրսեւորեցին շարքը պահելու կարողություն, այդ կարողությունը ոչ մեկը կասկածի տակ չի առնում, իսկ պաշտպանվող կողմի համար այդքանը միանգամայն բավական է»։

Նույն թեմային առնչվող ենթատեքստում «Առավոտ»-ի խմբագիրը հետեւյալ ընդհանրացումն է անում. - «30 տարի առաջ Խորհրդային Հայաստանի բնակչության ուղիղ կեսը, եթե ոչ ավելին, զբաղված էր լույսի գողությամբ: Չնայած այն արժեր 2 կոպեկ մեկ կիլովատտի դիմաց: Գողանում էին ոչ թե այն պատճառով, որ չէին կարողանում մուծել էլեկտրականության վարձը, այլ` որովհետեւ գողանալը հատուկ շնորհք, աչքաբացություն էր համարվում: Այդ մարդիկ, նրանց երեխաներն ու թոռները չեն կարող հոգով-սրտով ընդունել եվրոպական արժեքները, նույնիսկ` եթե մեր պատվիրակները Ստրասբուրգ տանեն մի քանի տոննա կոնյակ-բաստուրմա»:

«Հայկական ժամանակ»-ը ԵԽԽՎ-ի ցուցաբերած մեղմությունը փորձում է կապել այսօր նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` Դավոսում կայանալիք հանդիպման հետ` նշելով. - «Եթե համազեկուցողների Հայաստանի այցի ժամանակ պարզվեր, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է Դավոսում հանդիպել Ալիեւի հետ եւ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ վարել կոնկրետ միջազգային հանրության կողմից ակնկալվող ուղղությամբ, ապա այսօր ԵԽԽՎ-ում կարող էր ընդունվել դեկտեմբերի 17-ին մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւը: Բայց, քանի որ Սերժ Սարգսյանը, գիտակցելով պահի լրջությունը, կարողացավ ճիշտ ընտրություն կատարել, ապա «քաղբանտարկյալ» տերմինով բանաձեւը մնաց հետեւում: Սակայն, առջեւում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններն են, այսինքն` գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է: Նա, իհարկե, պետք է արդարացնի միջազգային հանրության սպասելիքները եւ վճարի այն գինը, որ պահանջվել է նման բանաձեւ ընդունելու համար»:

«Հրապարակ»-ը յուրովի է մեկնաբանում ԵԽԽՎ-ի բանաձեւը` արձանագրելով. - «Թերեւս ո’չ ուրախանալու, ո’չ էլ տխրելու պատճառ չկա: Պատժամիջոցների կիրառումն ընդամենը հետաձգվել է, արձանագրվել է ԵԽԽՎ-ի պահանջներին իշխանության արձագանքելու ցանկությունը եւ արտահայտված է մտահոգություն քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ: Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ Հայաստանի իշխանությունը պատրաստակամություն է հայտնել քաղբանտարկյալներին ազատ արձակել, ապա իրավիճակը իրավիճակը ընդդիմության համար ավելի շուտ նպաստավոր է, քան հակառակը»:

Անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ավելի քան կես միլիարդ դոլար վարկ տրամադրելու մտադրությանը` «Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Կապ չունի, որ Համաշխարհային բանկն այդ գումարը տրամադրում է գյուղական ճանապարհները վերականգնելու կամ գյուղատնտեսական ձեռնարկությունները վարկավորելու նպատակով: Իշխանությունների համար միեւնույն է, թե ինչի համար վարկ կվերցնեն, թեկուզ` Հայաստանի բոլոր հեռագրասյուները փուչիկներով զարդարելու համար: Կարեւորը` որ դոլար մտնի Հայաստան: Չէ՞ որ այդ դոլարը բանկային համակարգում դառնալու է դրամ, երկրի ներսում ծրագրերը դրամով են իրականացվելու: Իսկ դոլարը շատ արագ դարձյալ արտահանվելու է երկրից: Մեր մեջ ասած` վարկը ճիշտ ժամանակին «կպավ». վերջին օրերին զգացվում էր, որ Կենտրոնական բանկը սկսել է ոչ թե դրամի կուրսը պահել պետական պահուստներից դոլար վաճառելով, այլ` ադմինիստրատիվ մեթոդներով»: «Հայաստանի իշխանությունները ճգնաժամի դեմ չեն պայքարում: Նրանք պայքարում են, որպեսզի հանկարծ ճգնաժամի հետեւանքով իրենց աթոռները չկորցնեն: Պրոբլեմն ընդամենը այն է, որ այդ պայքարը շատ թանկ է նստում Հայաստանի վրա»:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG