«Բանկի կողմից աջակցության այդպիսի բարձր ծավալը պայմանավորված է ինչպես Հայաստանում բարեփոխումների հստակ ընթացքով, այնպես էլ մարտահրավերներով, որոնց դիմակայում է Հայաստանը գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում», - հավելեց Կացուն:
Սա, ըստ Համաշխարհային բանկի փոխնախագահի, վերաբերում է միայն Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությանը, սակայն կան միջոցներ, որոնք կհատկացվեն Համաշխահային բանկի խմբի` մասնավոր հատվածին աջակցող ճյուղի` Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Բազմակողմ ներդրումային երաշխիքների հիմնադրամի կողմից. - «Թեեւ ես չեմ կարող հանձն առնել կամ խոստանալ, այդուհանդերձ 4 տարվա համար Հայաստանին տրամադրվող ընդհանուր գումարը կարող է հասնել 800 միլիոն դոլարի»:
Կացուն դժվարացավ պատասխանել, թե 525 միլիոն դոլարից որքանը կարելի է համարել կայունացման վարկ: Ըստ նրա, Համաշխարհային բանկն ունենալու է որոշակի ծրագրեր, որոնք ուղղված են կարճաժամկետ հատվածում մեղմելու ճգնաժամի հատեւանքները:
«Ակնհայտ է, որ Հայաստանի բյուջեի եկամտային մասը կամ մուտքերը տուժելու են, եւ այդ իմաստով մենք, ինչպես եւ նախկինում, շարունակելու ենք օժանդակել աղքատության հաղթահարման ծրագրերի իրականացմանը: Դա կլինի բյուջեի օժանդակության տեսքով, բայց` միտված բարեփոխումների օժանդակությանը», - ասաց նա:
Շիգեու Կացուի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի առաջին ալիքը Հայաստանին հաջողվել է անցնցում հաղթահարել` ի տարբերություն շատ երկրների, որտեղ ստիպված են ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ զգալի միջոցներ ծախսել:
Ըստ Շիգեու Կացուի, համաշխարհային ճգնաժամը սկսվել է ֆինանսական հատվածի վրա ազդելուց, եւ այս իմաստով Տիգրան Սարգսյանը ճիշտ է: Ինչ վերաբերում է տնտեսության իրական հատվածի վրա ազդեցությանը, ապա, Համաշխարհային բանկի փոխնախագահի գնահատմամբ, այն կարող է շատ ավելի լուրջ լինել. - «Գիտենք, որ Հայաստանն ունի մեծ սփյուռք եւ բազմաթիվ արտագնա աշխատողներ, եւ Հայաստանի ՀՆԱ-ի մեջ ավանդաբար մեծ մասնաբաժին ունեն արտերկրից ստացվող փոխանցումները: Ի՞նչ կարելի է անել: Սպասել, մինչեւ տեղի կունենա անխուսափելին` կբարձրանա համաշխարհային պահանջարկը»:
Ռուբեն Մելոյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)