Մատչելիության հղումներ

Բաքվի կոմիսարների աճյունները վերահուղարկավորվել են


Ադրբեջանի մայրաքաղաքի իշխանությունները այսօր պաշտոնական հաղորդագրություն են տարածել Բաքվի կոմիսարների աճյունների վերահուղարկավորման վերաբերյալ:

Համաձայն հաղորդագրության, կոմիսարների աճյունները, որոնք հանգչում էին Բաքվի կենտրոնում գտնվող զբոսայգու տարածքում, վերահուղարկավորվել են քաղաքի գերեզմանոցներից մեկում` «մահմեդական, քրիստոնյա եւ հրեա հոգեւորականների մասնակցությամբ եւ համապատասխան կրոնական ծիսակատարություններով»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` մասնագետները պատրաստվում են հետազոտություն անցկացնել աճյունների նույնականացման նպատակով, քանի որ թաղման նախկին վայրում հայտնաբերվել է ոչ թե 26, այլ 23 դագաղ:

Բաքվի կոմունան, որում ընդգրկված էին հայ, ադրբեջանցի, վրացի եւ այլ ազգերի հեղափոխական գործիչներ, ստեղծվել էր 1918 թվականին, այն ղեկավարում էր Ստեփան Շահումյանը: Ըստ խորհրդային պատմագրության, 26 կոմիսարները գնդակահարվել են 1918 թվականի սեպտեմբերին Կասպից ծովի մերձակա ավազուտներում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրանց աճյունները տեղափոխվել են Բաքու եւ վերահուղարկավորվել քաղաքի կենտրոնում, որտեղ 1960-ականների վերջին կառուցվել էր 26 կոմիսարների հուշահամալիրը: 1990-ականների սկզբներին հուշահամալիրի հավերժական կրակը մարվել էր, համալիրը` մասամբ ապամոնտաժվել:

Ըստ քաղաքապետարանի ծրագրի, նախկին հուշահամալիրի տարածքում կառուցվելու է ստորգետնյա ավտոկայանատեղի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG