Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը այսօր կքննարկի Հայաստանի հարցը


Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում քննարկվելու է Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման հարցը: Արդեն իսկ հայտնի է, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու:

ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում, որտեղ քննարկվել է հայաստանյան պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել-չկիրառելու հարցը, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի ներկայացրած առաջարկությունների մեջ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, չի մտնում հայաստանյան պատվիրակությանը սանկցիայի ենթարկելը:

«Այնուամենայնիվ, շարունակելու է Մոնիտորինգի հանձնաժողովը իր աշխատանքը, մոնիտորինգը Հայաստանի գործընթացների նկատմամբ», - հավելեց Հարությունյանը: - «Վերահսկողությունը լինելու է բավականին լուրջ եւ բարձր մակարդակի»:

Կանոնակարգի հանձնաժողովի նիստին մասնակցած Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեր որոշումը եղավ այնպես, որ եթե մնար հին ձեւակերպումներով` զրկելը ձայնի իրավունքից, դա իրավաչափ էր, բայց, քանի որ փոփոխվել է, չզրկելը նույնպես իրավաչափ է: Այսինքն` մեր հանձնաժողովը տվեց եզրակացություն` հաշվի առնելով վերջին փոփոխությունները»:

«Պարզապես այս փուլում որոշվել է, որ սանկցիա չկիրառվի, որովհետեւ քաղաքական կամքի առկայություն արձանագրվել է», - ասաց Ռուստամյանը` հավելելով, որ մյուս քննարկումը կլինի, հավանաբար, փետրվար-մարտ ամիսներին:

Ինչպես երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, ով նույնպես Ստրասբուրգում է, Հայաստանին վերաբերող բանաձեւի նախագծի նախնական տարբերակում արմատական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես` 1620 բանաձեւում ամրագրված` «քաղաքական հայացքների համար կալանավորված անձինք» տերմինը ընդհանրապես վերացված է: Նոր նախագծի համաձայն` Հայաստանի պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երեկ իրենք հանդիպել են Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչի հետ:

Զուրաբյանի պնդմամբ` համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ապակողմնորոշել են ե’ւ Եվրախորհրդին, ե’ւ, մասնավորապես, Մոնիտորինգի հանձնաժողովին` ներկայացնելով, որ ներում է շնորհվել 20 քաղբանտարկյալների, ինչը, ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի, իրականությանը չի համապատասխանում: «Դրանք քաղբանտարկյալներ չեն», - ասաց նա:

Այս տեսակետը ընդդիմության ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Արման Գրիգորյանը ներկայացրել են նաեւ ԵԽԽՎ-ի նախագահին: Իսկ այսօր նրանք հանդիպելու են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները պատրաստվում են այսօր շրջանառության մեջ դնել մի նամակ` Եվրախորհրդին եւ բոլոր պատվիրակություններին ներկայացնելով իրենց տեսակետները: Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ` իրենք առաջարկելու են նաեւ դնել համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի վստահելիության հարցը:

Այսօր վաղ առավոտյան` մինչեւ Վեհաժողովի լիագումար նիստի մեկնարկը, նախատեսված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսի հանդիպումը լրագրողների հետ:

Լիագումար նիստում Հայաստանին վերաբերող հարցի քննարկումից հետո ճեպազրույց են տալու համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն:


Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG