Մատչելիության հղումներ

Ռուսները Աբխազիայում ծովային ռազմակայան կստեղծեն


Երեկ Բրյուսելում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի դիվանագետների անդրանիկ հանդիպումը անցյալ տարվա օգոստոսյան պատերազմից հետո: ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինն ասել է, որ ի շարս այլ հարցերի, քննարկվել են նաեւ այդ կարճատեւ պատերազմի պատճառներն ու հանգամանքները:

Աբխազիայի եւ Հարավային Oսիայի անկախությունը ճանաչելուց հետո Ռուսաստանը Վրաստանի նկատմամբ դիրքորոշումը բնավ չի մեղմում եւ իրագործում է վերանայում չենթադրող նոր քայլեր: Այսպես, երեկ երեկոյան հաղորդվեց, որ ռուսները ցանկանում են ծովային ռազմակայան կառուցել Աբխազիայում՝ Օչամչիրա առափնյա ավանում:

«Օչամչիրայում սեւծովյան նավատորմ տեղակայելու սկզբունքային որոշումն արդեն ընդունված է, այս տարի մենք այնտեղ հողային աշխատանքներ ենք սկսելու», - ասել է Ռուսաստանի ռազմական նավատորմի կենտրոնակայանի բարձրաստիճան մի սպա:

Թբիլիսիում դա անմիջապես գնահատվել է որպես Վրաստանի ինքնիշխանության ոտնահարման հերթական փաստ: «Ռուսների ռազմական ներկայությունն այնտեղ ապօրինի է, սակայն, դժբախտաբար, ռուսները անտեսում են այդ հանգամանքը եւ շարունակում են ամրապնդել իրենց ռազմական ենթակառուցվածները Վրաստանի տարածքում», - «Ռոյթերզ»-ին փոխանցել է Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն:

Երեկ երեկոյան ստացվել է Ռուսաստանի կոշտ դիրքորոշման մասին վկայող եւս մեկ լուր՝ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը դիվանագետ Ալեքսանդր Գոլովինին նշանակել է հատուկ բանագնաց, ով պետք է զբաղվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պետական սահմանների դեմարկացիայով՝ սահմանագծմամբ: Կասկած չկա, որ այս վճիռն էլ վրդովմունքով կընդունվի Վրաստանում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG