«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Իշխանությունը 2008-ին հերթական անգամ կեղծել է ընտրությունները եւ ժողովրդի հերթական ընդվզմանը կրկին պատասխանել է բռնություններով եւ քաղաքական հետապնդումներով: Այս անգամ` մարդկային զոհերով: Իմ կարծիքով, ճշմարտությունը սա է, ուրիշը չկա: Այդ ճշմարտությունը կարելի է եւ անհրաժեշտ է կրկնել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում, այդ թվում` Եվրոպայի խորհրդում: «Աղբը տնից չհանելու» տեսությունը, բնականաբար, ձեռնտու է միայն նրանց, ովքեր ցանկանում են, որ տունը աղբի մեջ կորի: Ուրիշ հարց, թե որքանով է իմաստալից հույսեր փայփայել, որ օտարը քեզ կօգնի այդ աղբը հավաքել: Արդյոք որեւէ այլ պետություն կամ որեւէ միջազգային կառույց ի զորո՞ւ է իր կոշտ կամ մեղմ վերաբերմունքով, իր հայտարարություններով կամ բանաձեւերով մեզ հանել այդ տեղապտույտից: Եթե այդ հարցի պատասխանը բացասական է, ապա` արժե՞ արդյոք այժմ երկու կողմից քաշքշել Ստրասբուրգում եվրոպական պատվիրակների թեւերից եւ ասել` «վայ, խնդրում ենք, մեզ պատժեք» կամ «խնդրում ենք, մեզ մի պատժեք»: Եվ քանի որ ԵԽԽՎ-ն, ամենայն հավանականությամբ, այսօր հակված կլինի երկրորդ տարբերակին, ապա իշխանության ներկայացուցիչները Երեւան կվերադառնան ցնծությամբ. «մեր սուրը փառքով դրեցինք պատյան»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը «Հայոց աշխարհ»-ին ասել է. - «Երբեք ու երբեք ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատվությունը չի կարելի բարդել խորհրդարանական մեր պատվիրակության անդամների վրա։ Պարզապես պետք է գնահատել, թե նրանք կարողացե՞լ են արդյոք համոզիչ ու մատչելիորեն մեր երկրում 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը անկողմնակալ ներկայացնել ԵԽԽՎ պատգամավորներին՝ նրանց, ովքեր պետք է քվեարկեն։ Չէ՞ որ այնտեղ միայն նավթային լոբբինգի ազդեցությամբ ու նավթային շահեր սպասարկող պատգամավորներ չեն ներկայացված։ Նրանցից շատ-շատերն ազնիվ, անկախ եւ խորաթափանց քաղաքական գործիչներ են»:
«Հրապարակ»-ը մեկնաբանում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հարցը. - «Պրակտիկան ցույց է տալիս, որ զրկելը պակաս արդյունավետ միջոց է, քան չզրկելը, բայց զրկելու վտանգը չբացառելով` ինչ-ինչ քայլեր պարտադրելը: ԵԽԽՎ քաղաքականության մեջ` թեկուզ փոքր, բայց որեւէ արդյունք ավելի են կարեւորում, քան սանկցիաները: Պարզ ասած` նպատակը պատժելը չէ, այլ խելքի բերելը: Իսկ ԵԽԽՎ-ում կարծում են, որ զրկելով խելքի չես բերի: Այնպես որ, թերեւս այս անգամ էլ մենք «պլստացինք», եթե, իհարկե, նպատակը դատարկ անդամությունն է, այլ ոչ թե դեմոկրատական արժեքների որդեգրումը»:
Նույն թեման հետեւյալ կերպ է ամփոփում «Ազգ»-ը. - «Քանի որ հասարակական յուրաքանչյուր կացութաձեւ ունի իր կանոններն ու օրենքները, ժողովրդավարությունը նույնպես ունի իր, այսպես կոչված, խաղի կանոնները: Այդ «խաղը» խաղում են միջազգային փորձված եւ ընդունված օրենքներով, որոնցից շեղումը թույլատրվում է միայն երկրորդական հարցերում, այն էլ` ազգային որոշ առանձնահատկությունների համատեքստում, պայմանով, որ դրանք չհակասեն համամարդկայնորեն ընդունված կանոններին: Հետեւաբար, անկախ այն բանից` ԵԽԽՎ-ն այսօր մեզ կզրկի, թե՞ չի զրկի ձայնի իրավունքից, եկեք սովորենք այդ կանոնները, սովորենք կիրառել դրանք հետեւողականորեն»:
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Բարեբախտաբար, շարժումն իր ձեւավորման առաջին իսկ օրից հույսը դրել էր բացառապես սեփական ժողովրդի վրա, հետեւաբար` արտաքին աշխարհի դիրքորոշումը շարժման վրա որեւէ կերպ չի ազդելու: Բացարձակապես նշանակություն չունի` Եվրախորհուրդը Հայաստանում «առաջընթաց» տեսնո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք գիտենք, որ առաջընթաց չկա, գիտենք նաեւ, որ այս իշխանությունները երբեք ինքնակամ զիջումների չեն գնա, հետեւաբար` մենք մեր նպատակներին կարող ենք հասնել միայն պայքարի միջոցով»:
«Փակագիծ»-ը գրում է. - «Մենք չենք կարող պարտադրված արժեքով ուրախանալ, եթե ինքներս չենք փոխվել ներսից, չի փոխվել մեր իսկ արժեհամակարգը, մեր իսկ մտածողությունը: Իսկ դրա փոփոխության բանալին միայն մեր, միայն Հայաստանի հասարակության ձեռքում է»:
Տիգրան Ավետիսյան