Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Համազեկուցողների առաջարկների մեջ չի մտնում հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը»


Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է հայաստանյան պատվիրակության նկատմամբ պատժամիջոցներ կիրառել-չկիրառելու հարցը, համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեյի ներկայացրած առաջարկությունների մեջ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, չի մտնում հայաստանյան պատվիրակությանը սանկցիայի ենթարկելը:

«Այնուամենայնիվ, շարունակելու է մոնիտորինգի հանձնաժողովը իր աշխատանքը, մոնիտորինգը Հայաստանի գործընթացների նկատմամբ», - հավելեց Հարությունյանը: - «Վերահսկողությունը լինելու է բավականին լուրջ եւ բարձր մակարդակի»:

Կանոնակարգի հանձնաժողովի նիստին մասնակցած Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեր որոշումը եղավ այնպես, որ եթե մնար հին ձեւակերպումներով` զրկելը ձայնի իրավունքից, դա իրավաչափ էր, բայց, քանի որ փոփոխվել է, չզրկելը նույնպես իրավաչափ է: Այսինքն` մեր հանձնաժողովը տվեց եզրակացություն` հաշվի առնելով վերջին փոփոխությունները»:

Վաղն առավոտյան Հայաստանի հարցը քննարկվելու է լիագումար նիստում, սակայն արդեն իսկ հայտնի է, որ սանկցիաներ չեն կիրառվելու:

«Պարզապես այս փուլում որոշվել է, որ սանկցիա չկիրառվի, որովհետեւ քաղաքական կամքի առկայություն արձանագրվել է», - ասաց Ռուստամյանը` հավելելով, որ մյուս քննարկումը կլինի, հավանաբար, փետրվար-մարտ ամիսներին:


Կարինե Քալանթարյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG