«Մինչեւ Հայաստանում մարտի 1-ի մարդասպանների եւ նրանց հրաման տվողների անունները չհայտնաբերվեն, չպատժվեն համապատասխան մեր օրենքին, մենք ունենալու ենք հետընթաց», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Ընդդիմադիր պատգամավորի համար «շատ կասկածելի ձեւով է իրականացվում» նախագահի հրամանագրով մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածներին ներում շնորհելը, մասնավորապես` թե ովքեր եւ ինչպես են ներման խնդրագրեր գրել Սերժ Սարգսյանին:
«Այստեղ կան կասկածներ», - ասաց Ալավերդյանը: - «Արդյո՞ք այդ նույն սադրիչները չեն, որոնք որ այդ ջարդարարությունն են կատարել` ղեկավարվելով ինձ համար անհայտ ուժերի կողմից: Այսօր եւս ղեկավարվելով նույն այդ ուժերի կողմից, հիմա դիմում են` այդ իմիտացիոն գործընթացը, պատկերը ստեղծելու համար»:
Հայաստանի առաջին օմբուդսմեը զարմանալի է համարում, որ մինչեւ այժմ իշխանությունները չեն կարողանում պարզել, թե որ ոստիկանների արձակած «Չերյոմուխա»-ից են մարդիկ զոհվել: Զարմանալի է նաեւ այն, որ մինչեւ օրս հնարավոր չի եղել հարցեր ուղղել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Պետք է վերջապես ունենալ այդ խիզախությունը եւ հստակեցնել, որ Սահմանադրությամբ պատասխանատվությունը կրում է երկրի այն ժամանակվա գործող նախագահը` Ռոբերտ Քոչարյանը», - ասաց Ալավերդյանը` շարունակելով. - «Նա կարողանա տալ վերջապես բոլոր հարցերի պատասխանները, եւ կարեւորը` մենք իմանանք, թե ե՞րբ է մտել գործողությունների մեջ ոստիկանությունը, ո՞վ է այդտեղ եղել այդ պահին հրաման տվողը»:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում իրավական պետություն ունենալու համար, քանի որ իշխանության մեջ գնտվող մի խումբ մարդիկ ամեն կերպ փորձում են պաշտպանել սեփական շահերը. - «Մարդկանց մի խումբ այլեւս պատրաստ են ցանկացած գնով պաշտպանել եւ ապահովել իրենց վերարտադրությունը, մինչեւ անգամ` արյան գնով»:
Ռուզաննա Ստեփանյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)