Մատչելիության հղումներ

«Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն» ԵԽԽՎ-ին կոչ է անում Հայաստանին զրկել ձայնի իրավունքից


«Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում հունվարյան լիագումար նիստի ընթացքում հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

«Հայաստանում չկա ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ընտրված խորհրդարան, եւ այդ պատվիրակությունը չի ներկայացնում մեր ժողովրդի շահերը: Հայոց խորհրդարանն այսօր ընդամենը սեփական ժողովրդի վրա կրակող, բանտերը քաղաքական հակառակորդներով լցրած, գործադիր իշխանության կցորդն ու շահերի արտահայտիչն է», - ասված է, մասնավորապես, ԵԽԽՎ-ին «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» հղած դիմումում:

Փաստաթղթի հեղինակների պնդմամբ` «չնայած ԵԽԽՎ-ի ընդունած 1609 եւ 1620 բանաձեւերին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները վերջին տաս ամիսների ընթացքում քաղբանտարկյալներին ազատելու եւ երկրում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու ոչ մի իրական քայլ չեն կատարել»:

«Մենք վստահ ենք, որ միայն Ձեր կողմից ցուցաբերված սկզբունքային մոտեցումներն ու գնահատականները, ներառյալ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ձայնի իրավունքից զրկումը, կսթափեցնեն Հայաստանի Հանրապետության իշխանություններին, կնպաստեն ՀՀ-ում լարված մթնոլորտի թուլացմանն ու քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանը», - ԵԽԽՎ-ին գրել է «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG