Հանդիպմանը կմասնակցեն Եվրոպայի, Կասպիական տարածաշրջանի այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք կարող են մասնակցել նախագծին, ինչպես նաեւ դրա հնարավոր ֆինանսավորողների, այդ թվում` Եվրոպական ներդրումային բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչները:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հունգարիայի մայրաքաղաք է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Nabucco նախագծով նախատեսվում է Կասպիցի տարածաշրջանից գազը Թուրքիայով հասցնել Եվրամիության անդամ երկրներ` շրջանցելով Ռուսաստանը եւ Ուկրաինան:
Շուրջ 3,3 հազար կիլոմետր երկարությամբ գազատարի շինարարությունը կարժենա ավելի քան 10 միլիարդ դոլար:
Նախագծի աջակիցները հույս ունեն, որ շինարարությունը կսկսվի 2010 թվականին եւ կավարտվի 2013-ին:
Nabucco կոնսորցիումում ներկայումս ընդգրկված են 6 ազգային էներգետիկ ընկերություններ` Թուրքիայի Botas-ը, Բուլղարիայի Bulgargaz-ը, Ռումինիայի Transgaz-ը, Հունգարիայի MOL-ը, Ավստրիայի OMV-ն եւ Գերմանիայի RWE-ն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջերս Բրյուսելում հայտարարել էր, թե իր երկիրը կդադարի աջակցել Nabucco նախագծին, եթե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակեն սառեցված մնալ:
Եվրամիության համար Nabucco նախագիծը նոր կարեւորություն ստացավ գազի մատակարարման շուրջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տարեսկզբին ծագած վեճից հետո, որի պատճառով եվրոպական մի շարք երկրներ մոտ երկու շաբաթ ռուսական գազ չէին ստանում: