Զեկույցը հրապարակում է տվյալներ համատարած գնդակոծությունների մասին` եզրակացնելով, որ ինչպես ռուս, այնպես էլ վրաց զինվորականների կողմից անհամաչափ ուժ է կիրառվել, իսկ հարավօսական ուժերը ծրագրված կերպով պարբերաբար ավերածություններ են կատարել Հարավային Օսիայի վրացական գյուղերում: Ռուսաստանը չի ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը ռուս զինվորականների վերահսկողության տակ գտնվող վրացական շրջաններում:
«Հարավային Օսիայի համար պատերազմը շարունակվեց ընդամենը մեկ շաբաթ, բայց դրա աղետալի հետեւանքները կանդրադառնան հաջորդ սերունդների վրա», - շեշտել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ռեյչըլ Դենբերը` հավելելով. - «Իմաստ չունի որոշ փորձագետների նման կենտրոնանալ այն հարցի վրա, թե ով է սկսել պատերազմը կամ ով է գործադրել ամենաահավոր դաժանությունները: Այսօր ամենակարեւորն այն է, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, եւ բոլոր փախստականներին թույլատրվի անվտանգ վերադառնալ իրենց տները»:
Ըստ Human Rights Watch-ի, Հարավային Օսիայի վրա վրացական ուժերը կրակ են բացել թնդանոթներից, խիտ բնակեցված շրջանների գնդակոծության ժամանակ կիրառել են համազարկային կրակի հրթիռային կայանքներ, որոնք անհնար է ճշգրիտ ուղղորդել, այդ իսկ պատճառով դրանք հարվածում են ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ շրջակա հասարակական կառույցներին:
«Բնակեցված շրջաններում նման տիպի հրթիռների օգտագործումը վկայում է, որ Հարավային Օսիայի վրա հարձակված վրացական ուժերը բացարձակապես չեն մտածել խաղաղ բնակչության անվտանգության մասին», - եզրակացնում է Ռեյչըլ Դենբերը:
Ըստ իրավապաշտպանների, նույնն արել են նաեւ ռուսները. - «Օդային ռմբակոծությունների, թնդանոթներից եւ տանկերից գնդակոծությունների հետեւանքով զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ: Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ Գորիում ռուսական ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչների տեղափոխող ավտոմեքենաների ուղղությամբ: Ե’վ վրացական, ե’ւ ռուսական ուժերը կիրառել են կասետային ռումբեր, ինչը եւս հանգեցրել է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի: Կասետային ռումբերի կիրառումն արգելված է միջազգային կոնվենցիայով, բայց ո’չ Ռուսաստանը, ո’չ Վրաստանը չեն ստորագրել այն»:
Իրավապաշտպաններն արձանագրում են նաեւ, որ Հարավային Օսիայից վրացական զորքի դուրս գալուց հետո օսական ուժերը մի քանի շաբաթ ավերել ու թալանել են վրացական բնակավայրերը, սպանել, ծեծել, սպառնացել ու ապօրինի ձերբակալել խաղաղ բնակիչներին, որպեսզի նրանց ստիպեն անվերադարձ լքել իրենց տները: Տարածքը իրենց վերահսկողության տակ առած ռուսական ուժերը, որոնք միջազգային իրավունքին համապատասխան պետք է ապահովեին հասարակական կարգն ու խաղաղ քաղաքացիների անվտանգությունը, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ երբեմն էլ ակտիվորեն մասնակցել են բռնություններին:
«Նման ծրագրված գործողությունները համարվում են ռազմական հանցագործություններ, իսկ եթե դա արվել է համակարգված արշավի շրջանակներում, այն կարելի է որակել որպես մարդկության դեմ հանցագործություն», - ասել է Ռեյչըլ Դենբերը: - «Վրաստանն ու Ռուսաստանը պետք է մանրամասն հետաքննեն իրենց զինվորականների թույլ տված խախտումները: Երկու կողմերը պետք է հետեւեն, որպեսզի զինվորական հանցագործություններ կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեն, իսկ տուժածներին տրվի վնասի փոխհատուցում»:
Ըստ զեկույցի, ռազմական գործողությունների ժամանակ շուրջ 20 հազար վրացիներ հարկադրված լքել են իրենց տները Հարավային Օսիայում, եւ այսօր կողմերը պետք է ապահովեն նրանց անվտանգ վերադարձը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա