Նախաձեռնության կազմակերպիչները խոստանում են ուղիղ կապ հաստատել Վրաստանի բոլոր շրջանների հետ, իսկ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ եթերից առաջ արդեն քաղաքացիները շուրջ 500 հարց են հասցեագրել նախագահին:
Աննախադեպ այս միջոցառումից բացի, Սահակաշվիլին այս օրերին նախաձեռնում է նաեւ հանդիպումներ անկախ եւ ընդդիմադիր փորձագետների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ. քննարկման հիմնական թեման ռուս - վրացական պատերազմն է եւ միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարումը: «Մենք պետք է լսենք նաեւ նրանց, ովքեր մեզ հետ հաճախ չեն համաձայնում, եւ նրանց կարծիքը հաշվի առնելով` փորձենք ավելի ուժեղ, միավորված եւ անկախ դարձնել մեր հայրենիքը», - հայտարարել է Վրաստանի նախագահը:
Միաժամանակ, Սահակաշվիլին իշխանության գործունեությունը հաճախ քննադատող փորձագետներին առաջարկել է նախագահին կից հատուկ խորհուրդ ստեղծել եւ ներկայացնել հրատապ խնդիրների մասին իրենց կանխատեսումներն ու գնահատականները: Մի քանի ժամ շարունակված հանդիպումից գոհ են եղել նաեւ հրավիրված փորձագետները: «Նախագահի տեսակետները մի շարք հարցերի վերաբերյալ տարբերվում էին իմ դիրքորոշումից, սակայն, կարծում եմ, նմանատիպ հանդիպումները կարող են հետագա համագործակցության համար ամուր հիմք ստեղծել», - ասել է անկախ փորձագետ Գիա Կխուխաշվիլին:
Անկախ եւ ընդդիմադիր փորձագետների հետ հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես էր եկել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներից մեկը, եւ մի քանի օր անց նախագահն ընդունել էր առաջարկը:
Փորձագետների համոզմամբ` ժողովրդավարության ուղղությամբ կատարված այս քայլերով Սահակաշվիլին փորձում է ամրապնդել իր դիրքերը երկրում խորացող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի պայմաններում:
Ակնկալվում է, որ այսօր կեսօրին միջազգային եւս մեկ հեղինակավոր կառույց` Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց կհրապարակի օգոստոսյան կարճատեւ պատերազմի մասին` քննադատության ենթարկելով ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Վրաստանի իշխանությունների կողմից ուժի անհամաչափ գործադրումն ու մարդու իրավունքների ոտնահարումը:
Միջազգային ճնշումներից բացի, ակտիվանում է նաեւ իշխանափոխության ձգտող ընդդիմադիրների պայքարը: Մասնավորապես, ակնկալվում է, որ այսօր Վաշինգտոնից Թբիլիսի կվերադառնա ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս ընդդիմադիր գործիչ Իրակլի Ալասանիան, որը շարունակելու է բանակցությունները ընդդիմության հետ` մեկ ճակատ կազմելու եւ արտահերթ նախագահական ընտրություններ պահանջելու շուրջ:
Հեղինե Բունիաթյան, Պրահա