Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը գրում է. - «Անկախությունից մինչ օրս Հայաստանը այդպես էլ չի կարողանում, եւ նույնիսկ իրենց քաղաքական էլիտա համարողները չեն էլ ուզում ազատվել դրսից թելադրված այս «հովանավորությունից», ավելի հարմարավետ զգալով, երբ ցանկության դեպքում կարող են ինչ-որ մեկի բաճկոնին լաց լինել եւ նրանց երկիր հրավիրել իրենց ներքաղաքական խնդիրները լուծելու համար: Հայաստանում իշխանությունները եւ ընդդիմությունը կարծես թե ընդունել են խաղի կանոնների նման սցենարը ու քչերն են մտածում, թե ինչքանով է այն նպաստում երկրի զարգացմանը, իրական ժողովրդավարության եւ խոսքի ազատության կայացմանը»: Եվ հեղինակն իրավիճակից դուրս գալու իր տարբերակն է առաջարկում. - «Հայաստանը պետք է սովորի սեփական ուժերով իր հարցերը լուծել թե’ ներհայաստանյան եւ թե’ արտաքին քաղաքական հարաբերություններում, հասկանալով, որ երրորդ կողմը չի կարող չեզոք ու անկողմնակալ լինել, քանի որ ունի իր սեփական շահերը, որոնցից էլ ելնելով քայլեր է ձեռնարկում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթին հարցազրույց է տվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Լրագրողը հարցնում է. - «Ինչպես մարդու իրավունքների հանձնակատարի վերջին գնահատականներից, այնպես էլ մոնիթորինգի հանձնաժողովի դեկտեմբերյան առաջարկից պարզ է դառնում, որ ձայնից զրկվելու հեռանկարի շուրջ ստեղծված այս թնջուկի հիմքը «7-ի գործն» է, որն այսօր փակուղու առջեւ է հայտնվել: Իսկ մոնիթորինգի հանձնաժողովը պահանջում է` կա’մ կարճել 7 անձանց դեմ հարուցած քրեական գործը, կա’մ նրանց նկատմամբ հայտարարել համաներում: Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը եւ ի՞նչ ասելիք ունեք Եվրոպային այս առումով»: Հարությունյանը պատասխանում է. - «Դժվար է գնահատական տալ մեր իրողությունում քաղբանտարկյալ եզրին: Առայսօր Եվրախորհուրդը առիթ ունեցել է որոշ անձանց քաղբանտարկյալ ճանաչելու: Սակայն առաջին անգամն է, որ Եվրախորհուրդը փորձ է անում նման որակում տալ` առանց լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու, ինչը, իմ կարծիքով, ճիշտ մոտեցում չէ: Որպես կանոն` այդ նպատակով նախատեսվում են առանձին զեկույցներ ոչ թե մոնիթորինգի հանձնաժողովի շրջանակում, այլ բացարձակապես այլ որակի ուսումնասիրությունների հիման վրա` իրավական հանձնաժողովի շրջանակներում, ինչը ենթադրում է առանձին ուսումնասիրություններ, փորձագիտական այցելություններ: Շատ ցավալի է, որ «7-ի գործի» դատավարությունը հայտնվել է փակուղային իրավիճակում: Ցանկացած փակուղուց միշտ էլ հնարավոր են լուծումներ: Իսկ համաներում հայտարարելուն անձամբ ես կողմ եմ»:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, Հայաստանի իշխանությունները Պրեսկոտին փորձել են համոզել, որ նա Ստրասբուրգում հայտարարի, թե Հայաստանում որոշ առաջընթաց կա, եւ հիմա մեր երկրի դեմ պատժամիջոց կիրառելը կվնասի այդ առաջընթացին. - «Երեկ, սակայն, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը կարծիք է հայտնել, որ որքան էլ նույն Պրեսկոտը նման բան հայտարարի եւ առաջարկի մի փոքր էլ ժամանակ տալ Հայաստանին, նա չի կարող ասել, թե այստեղ այլ պատկեր է տեսել: Բանն այն է, որ եթե հանձնաժողովը տեսնի, որ զեկուցողը օբյեկտիվ չէ եւ այլ ուղղությամբ է աշխատում, կարող է անվստահություն հայտնել նրան... Այնպես որ, եթե համազեկուցողները կեղծեն, կպատժվեն»:

«Առավոտ»-ի հետ զրուցել է գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: Նա իր գնահատականն է տալիս մարտի 1-ի իրադարձությունների մասին. - «Պատասխանատու են եւ մեղավոր երկու կողմն էլ՝ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը։ Բայց ընդդիմությունն՝ ավելի շատ, որովհետեւ, ի վերջո, նրանք էին այրում մեքենաներն ու թալանում խանութները։ Եվ ես գտնում եմ, որ այդ խուլիգանական պահվածքը շարունակվում է այսօրվա դատավարությունների ընթացքում, երբ ոտքի չեն կանգնում, հայհոյում են եւ այլն։ Դա պայքարի լուրջ ձեւ չէ։ Այդ դատավարություններն ընդդիմությունը վերածել է շոուի... Իշխանություններն ի՞նչ են անում՝ ընդամենը հետաձգում են դատավարությունը։ Ուզում եմ շեշտել, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրենց այդ տգեղ պահվածքով դրդում են, որ մտածող մարդիկ իրենց նկատմամբ հակակրանքով լցվեն»:

«7-ի գործին» է անդրադարձել նաեւ «Իրավունք»-ը, որտեղ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը ասում է. - «Նոր դատ չի լինի: Չի լինի ոչ թե նրա համար, որ տղաները չեն ուզում. տղաները ոտքի կանգնելու տարբերակներ առաջարկել են: Չի կարելի նրանց մեղադրել այն բանի համար, որ Մացոյի (դատավոր Մնացական Մարտիրոսյան) առաջ ոտքի չեն կանգնում: Մացոն, հանցագործությունների մեջ թաղված, երկրիս հիմնադիրների՞ն պետք է դատի: Մացոն շատ հաց ու պանիր պետք է ունի, որ արդար մարդկանց դատի: Ի վերջո, օրենքում չկա այնպիսի մի կետ, որով պարտադրվում է մեղադրյալին ոտքի կանգնել: Բայց սա միայն մակերեսն է. դիմիտրովյան դատ կարող է գնալ, երբ մեղադրվողները մեղադրելու են եւ դաժան են մեղադրելու»: Նույն հարցի առթիվ ՀՀԿ-ի մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասում է. - «Կարծում եմ, որ եթե դատախազության մարմինը, իրավական տիրույթում գտնվող կամ դատական իշխանության ներկայացուցիչները եթե ունեն այս կամ այն մարդու, քաղաքացու վերաբերյալ հիմնավոր փաստարկներ, ապա, բնականաբար, պետք է օրենքի շրջանակներում ամեն ինչ իրականացնել... Պետք չէ սա քաղաքականացնել: Սա իրավական տիրույթում է, եւ թե’ «7-ի գործը», թե’ բոլոր մնացած դատավարությունները պետք է լինեն օրենքի շրջանակներում եւ իրավական հարթության տիրույթում»:

«Չորրորդ իշխանություն»-ը քննարկում է Հայաստանի ներքին քաղաքականությունը. - «Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վերահսկում է քաղաքական դաշտը: Ոչ, նա հազիվ միայն հանրապետականներին է վերահսկում, այն էլ` մեծ վերապահումներով: Նա նույնիսկ Դաշնակցությանը չի կարողանում վերահսկել: Ոչ թե այն պատճառով, որ դաշնակները չափազանց «սկզբունքային» են, այլ որովհետեւ «թանկաբազար» են, իսկ այդքան տալու բան Սերժ Սարգսյանը պարզապես չունի: Նրա ներքաղաքական ռեսուրսները սպառված են. «դհոլներն» եւ «հաճախորդները» վերջնականապես խաղից դուրս են, «հանրային խորհուրդ» պրոյեկտը մոտավորապես «Արմենիկում»-ի ճակատագրին է արժանացել, իսկ ընդդիմությանը պառակտել այդպես էլ չհաջողվեց: Սերժ Սարգսյանը այսօր նույնիսկ ներքաղաքական լարվածությունը թուլացնելու քայլեր չի կարող անել, օրինակ` չի կարող ազատ արձակել քաղբանտարկյալներին: Զուտ տեխնիկապես, իհարկե, կարող է. հրամանագիր ստորագրելը բարդ բան չէ: Բայց դրա արդյունքում շարժումը կհզորանա, եւ ինքը կզրկվի պաշտոնից»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG